«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը առնվազն մեկ էական արդյունք գրանցել է։

Կաթողիկոսն ու Մայր Աթոռի վարչական համակարգը դարձել են ֆանտաստիկ հանդուրժող, ամբողջությամբ պարուրվել են սիրո եւ համերաշխության ազգափրկիչ գաղափարներով։

Ո՞վ կարող էր պատկերացնել, թե մի օր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանն, անդրադառնալով «Կյանքի խոսք» եկեղեցու ներկայացուցչի՝ ՀՀ կառավարության աշխատակազմում ներկայացվածությանը, կասի. «Եթե իր դավանանքի հրապարակման մասին է հարցը, ապա մենք ապրում ենք ազատ, անկախ մի երկրում, ուր պետք է հարգվեն մարդու իրավունքները։ Դա էլ իր իրավունքն է, թե՛ խղճի ու դավանանքի ազատության, թե՛ խոսքի ազատության մասով»։

Դե արի ու մի ասա՝ իյա՞, իրո՞ք։ Ակնհայտ է, որ Վահրամ քահանան ներկայացնում է վեհափառի եւ Մայր Աթոռի պաշտոնական դիրքորոշումը։ Ակնհայտ է, որ միտումը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալն ու նրա հովանավորությունը, նրա պաշտպանությունը ստանալն է։

Կաթողիկոսն, այսինքն, ձգտում է պահպանել իր իշխանությունը Հայաստանի Հանրապետության ղեկավարի աջակցությամբ։ Բա էլ ո՞ւր մնաց պետությունից անջատ գործող եկեղեցին։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Գարեգին Բ կաթողիկոսի օրոք փաստացի միայն կոմերցիոն, շինարարական աշխատանքներով է զբաղվել եւ աղանդների դեմ հայտարարություններ է տարածել։ Շատ հաճախ կրոնական կազմակերպությունների դեմ պայքարը դուրս է եկել քաղաքակրթության սահմաններից։ Ու հիմա հանկարծ՝ մարդու իրավունքներ, խղճի ազատություն...

Բա էն խեղճ Եսայի քահանան ինչո՞ւ ծեծ կերավ տարիներ առաջ։ Ասեիք, թող խելոք հանդուրժեր, չէր ծեծվի, էլի։ Թե՞ պետությունից անջատ գործող եկեղեցին Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին պետք է օրինական ու ապօրինի մեթոդներով պայքարեր այլ կրոնական համայնքների դեմ, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին պետք է հայկական հանցախմբերի ութ կլանների ներկայացուցիչների մասնակցությամբ զինված օպերացիայի միջոցով Մոսկվայի հայկական եկեղեցուց արտաքսեր թեմի առաջնորդ Տիրան սրբազանին ու կաթողիկոսի հարազատ եղբորը (որ այդ պահին նույնիսկ վարդապետ էլ չէր) թեմակալ կարգեր, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում հեզ ու հանդուրժող լինի աղանդների նկատմամբ։

Եթե այդպես է, մինչեւ վերջ եղեք հանդուրժող եւ համաձայնեք Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկության մասին սահմանադրական դրույթը չեղարկելուն։

Ի դեպ, «Կյանքի խոսք»-ն այնքան էլ անշառ, անվտանգ կրոնական կազմակերպություն չէ։

Ըստ այս ուսմունքի՝ մարդն իրավունք չունի խոստովանել իր մեղքերը, հակառակ դեպքում՝ մեղավոր կմնա հավիտյան։ Կարելի է խոստովանել միայն ունեցած հաջողությունները։ Այս ուղղության հետեւորդները ոչ թե ջրով են մկրտվում, այլ՝ սուրբ հոգով, իսկ Աստծուն համարում են բոլոր ժամանակների մեծագույն անհաջողակ։

Դահլիճային հավաքների ժամանակ այս ուղղության հետեւորդները մի քանի ժամ տեւող հիստերիկ ծիծաղով թավալվում են գետնին՝ դա համարելով «Սուրբ ծիծաղ»։ Կազմակերպության ներսում որեւէ քննադատություն արգելված է։ Մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները պե՛տք է երաշխավորվեն, բայց նման տոտալիտար գաղափարախոսությամբ առաջնորդվողներին կառավարարության համակարգում ընդգրկելն իսկապես մտահոգիչ է։