Ինչպես տեղեկացրել ենք, այսօր՝ հուլիսի 13-ին, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները շարունակում են բողոքի ցույցերը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց շարժման ակտիվ մասնակից Կարեն Պետրոսյանի հետ, ով, ի դեպ, նախօրեին նշանակվել է Գյումրու ՀՊՏՀ մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

-Պարո′ն Պետրոսյան, արդեն տևական ժամանակ է՝ շարունակվում է Ձեր շարժումը, ընդհարումները: Ո՞ւր է տանում այս ամենը և ինչպե՞ս եք տեսնում հանգուցալուծումը։

-Մենք ցանկանում ենք, որ եկեղեցին ունենա հստակ դիրքորոշում, օրինակ՝ հստակ ասի՝ «Կյանքի խոսքը» աղա՞նդ է, թե՝ ոչ։ Մենք, որպես քաղաքացի, որպես հայ եկեղեցու զավակներ, իմանանք մեր եկեղեցու դիրքորոշումներ մասին։

-Պատկերացնենք՝ Ձեր կողմից նշված հարցերը պատասխաններ ստացան, Դուք բավարարվելո՞ւ եք, և այլևս չե՞ք պահանջելու Կաթողիկոսի հրաժարականը։

-Կաթողիկոսն ինքն է պահանջում իր հրաժարականը՝ իր իսկ վարքագծով։ Կաթողիկոսն ամեն ինչ արել է, որ ինքը հրաժարական տա։ Այս օրերին մենք չտեսանք, որ Կաթողիկոսը հրապարակայնորեն ընդունի իր բացթողումները, սխալները, մինչդեռ, բոլոր մեղքերը, եթե դու խոստովանում ես ու զղջում՝ ներվում են քեզ։

-Իսկ եթե զղջաց, ներելո՞ւ եք, էլ չե՞ք ասելու, որ գնա։

-Դա ընդհանուր որոշելու հարց է: Նախ, մենք չպետք է ներենք, այլ ազգը։ Մեր շարժման նպատակն այն է, որ ազգի և Կաթողիկոսի միջև անջրպետ կա։ Եթե ինքը զղջա, ազգն էլ ների, մենք ո՞վ ենք այդ պարագայում։

-Հիմա, ձեր ակցիան շարունակելու եք այնքան ժամանակ, մինչև զղջա՞, թե՞ հեռանա։

-Մեկը մյուսի ածանցյալն է: Հիմա, եթե զղջում է՝ հարցադրումը փոխվում է, իսկ եթե ոչ՝ ապա նման մարդը ամենաանհասկանալին և անընդունելին է հայ եկեղեցու կանոնով։

-Պարո՛ն Պետրոսյան, մի փոքր շեղվենք և անդրադառնանք անձամբ Ձեզ: Այն բանից հետո, երբ Դուք նշանակվեցիք ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն, ակտիվորեն սկսեց շրջանառվել լուրն այն մասին, թե ակտիվիստ լինելը «պարգևատրվեց» պաշտոնով․ ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Մայր ԲՈՒՀ-ի կողմից առաջարկ է եղել և ես ընդունել եմ այն․ սա որևէ կապ չունի «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման հետ. այնտեղ գնահատվում է իմ մասնագիտական որակները, իսկ շարժման մեջ՝ հասարակական, քաղաքացիական որակները։ Ես սովորել եմ այս ԲՈւՀ-ում, ուսաանողական խորհրդի նախագահն եմ եղել։ 2003թ․-ից դասավանդում եմ այստեղ, նաև եղել եմ ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար։ Այսինքն՝ ինձ արդեն վարչական աշխատանքի մեջ պատկերացրել են։

-Նոր պաշտոնը չի՞ խանագրելու մասնակցել շարժմանը։

-Մեկը մասնագիտական աշխատանք է, իսկ մյուսն ազատ ժամանակի տնօրինումն է․ իմ ազատ ժամանակը տրամադրելու եմ շարժմանը: Ես մնում եմ նախաձեռնության մեջ, որովհետև սա ինձ համար կարևորագույն հարց է։

Լիլիթ Հակոբյան