Առողջապահության նախարարությունն արդեն մի քանի շաբաթ է՝ ստուգումներ է իրականացնում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
 
Տպավորությունն այնպիսին է, որ գերատեսչությունը «վիզ է դրել» չարաշահումներ հայտնաբերել, իսկ նախարարը, թեև առանց փաստերի, սակայն խոսել է այդ չարաշահումների մասին՝ ներկայացուցիչների հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում: Չնայած նախարարի «ջանքերին», բուժհիմարկի անձնակազմը նամակ է հրապարակել՝ նախարարից պահանջելով դադարեցնել իրենց հիվանդանոցի դեմ սկսված արշավը: ԲԿ տնօրենն, ի դեպ, Սերժ Սարգսյանի խնամին է՝ Արա Մինասյանը, ով, միևնույն ժամանակ, բժշկական հանրության, կոլեգաների կողմից ընդունված և հարգված մասնագետ է: Նախարարության նման չհիմնավորված, չփաստարկված գործելաոճը առնվազն կասկածի տակ է առնում նոր իշխանության կողմից այդքան հաճախ թմբկահարվող «վենդետա չի լինելու» պնդումը: Չունենալով որևէ ընդգծված վերաբերմունք Արա Մինասյանի հանդեպ, ամեն դեպքում պետք է նշել, որ անվիճելի է նրա վաստակը առողջապահության ոլորտում, և այս փաստը  չի կարող վիճարկվել նրա՝ այս կամ այն պաշտոնյայի բարեկամ, ծանոթ լինելու հանգամանքով: Պրոֆեսոր Մինասյանի հանդեպ, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենում, բառի բուն իմաստով «վենդետա»՝ պայմանավորված նրա՝ Սերժ Սարգսյանի խնամի լինելու հանգամանքով, իսկ եթե ոչ՝ Առողջապահության նախարարության «սլիվների» փոխարեն կլսեինք իրավական փաստերով ամրապնդված տեղեկատվություն:
 
Սակայն, ինչպես ասում են՝ մեդալն ունի նաև հակառակ կողմ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ իշխանական նոր էլիտայում ԲԿ-ում «չեպեներ» գտնելու շահագրգռվածությունն ունի նաև անձնական հիմքեր: Մասնավորապես,  այդ պաշտոնում քաղաքական վերնախավը տեսնում է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի եղբայր Նարեկ Զեյնալյանին: Սակայն այս պատմության մեջ Զեյնալյան եղբայրները մնում են ստվերում, իսկ ողջ սև աշխատանքը կատարում է Առղջապահության նախարարը: Ինչպես երևում է՝ նոր իշխանությունները ևս որոշել են շարժվել հների տրորած արահետով՝ խնամի-ծանոթ-բարեկամ շղթան վեր դասելով պետության և հանրության շահից: Ի վերջո, եթե միակ նպատակը պետական ապարատը և «յուղոտ պատառները» իրենց «թայֆայով» անելն է՝ ինչո՞վ է Նոր Հայաստանը տարբերվելու այն Հայաստանից, որի «ապամոնտաժման» համար էլ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը: