«Թուրքիան և Ադրբեջանը բազմիցս հայտարարել են իրենց «մեկ ազգ, երկու պետություն» լինելու մասին։ Նրանք համատեղ վարում են ռասիստական ու ցեղասպանական քաղաքականություն Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ»,-ասում է պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը:
 
Հիշեցնենք, որ վերջերս կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի աշխատանքների բացման ժամանակ կոչ էր արել ԵՄ-ին՝ շարունակել ֆինանսավորել այս ծրագիրը և հնարավորություն ստեղծել երկու երկրների միջեւ հարաբերությունների լավացմանը:
 
Անդրադառնալով խնդրին՝ Այվազյանը նկատում է. «Թուրքական զորքն ու ռազմական օդուժը Բաքվում մասնակցում են Ադրբեջանի զինուժի նախապատերազմական զորահանդեսին, իսկ դրանից օրեր անց Երևանում Եվրոպական միությունը հայ-թուրքական հերթական սիլի-բիլին է կազմակերպում՝ բացում է «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի աշխատարանը»:
 
Երևույթից մտահոգ քաղաքական գիտությունների դոկտորը շեշտում է՝ համատեղ ֆիլմերի արտադրությունն անհեթեթություն է.
 
«Հայ-թուրքական համատեղ ֆիլմերի արտադրությունը նույնպիսի անհեթեթություն է, ինչպիսին կարող է լինել հայ-ադրբեջանական ֆիլմերի արտադրությունը։ Ցեղասպան ագրեսոր պետության ներկայացուցիչների հետ այսպիսի «մշակութային» գրկախառնումները չեն բխում Հայաստանի շահերից։ Իսկ դրանք գովերգող ու խրախուսող Արսինե Խանջյանն ավելի լավ կանի՝ զբաղվի իր բուն գործով՝ դերասանությամբ, այլ ոչ թե քաղաքական պատվիրովի մտավարժանքներով։
 
Հայ-թուրքական հիմարություններին պետք է վերջ տալ։ Թուրքիան Հայաստանի թշնամին է ու վերջ»: