Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին եւ բրյուսելյան այցն ընդհանրապես ոչ միանշանակ են մեկնաբանվում արդյունքների տեսանկյունից։ Այստեղ սուբյեկտիվ գործոն կա, կա հուզական ցանկություն, որ բոլոր հարցերը տեղում կարգավորվեն։ Իսկ այդպես չի կարող լինել։ Առավել ճիշտ կլինի գնահատել արդյունքների սպասումը, քննարկել, թե դրական արդյունք ստանալու ի՞նչ հնարավորություններ է ստեղծել այցը։
 
Նախ, դիտարկենք՝ ինչ սպասումներ ունեինք։
 
Դրանք երկու մասի պետք է բաժանել։ Առաջինը՝ Հայաստանում ընթացող ժողովրդավարական պրոցեսների խորացման, դրանք անշրջելի դարձնելու նպատակով Եվրոպայից աջակցության ակնկալումն է, նաեւ՝ ֆինանսական ներդրումների տեսքով։ Երկրորդ՝ Արցախի խնդրում հայկական կողմի դիրքորոշումների հստակ ներկայացում, խնդրի՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման վերաբերյալ մոտեցման ամրապնդում։ Իհարկե, կա նաեւ երրորդ ուղղությունը։ Արտերկրյա բոլոր շրջագայություններն ուղեկցվում են նաեւ տեղի հայ համայնքի հետ հանդիպումներով։ Այս մասով, կարծես, խնդիրներ չունենք։ Սփյուռքի հայկական գաղթօջախներն ակտիվ էին, սպասումներով լեցուն թավշյա հեղափոխության օրերին եւ այսօր էլ բացարձակ վստահություն ունեն Հայաստանի նոր իշխանության նկատմամբ։ Հայությունն, ի տարբերություն միջազգային կառույցների, օտարերկրյա պետությունների, ՀՀ պետության հետ հարաբերություններում շատ էլ պայմաներ առաջ չի քաշում։
 
Անդրադառնանք հիմնական երկու խնդիրներին։
 
Առաջինի մասով Հայաստանի դիրքորոշումը հստակ ներկայացվել է, եղել են հանդիպումներ թե՛ ՆԱՏՕ-ի ու Եվրամիության պաշտոնյաների հետ, թե՛ տարբեր պետությունների ղեկավարների։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպումը, Ֆրանսիա հրավիրվելու փաստը չի կարելի դրական չհամարել։ Չմոռանանք, որ մինչ օրս ՀՀ վարչապետը չունի պաշտոնական այցով Մոսկվա մեկնելու պայմանավորվածություն։
 
ՀՀ առաջնորդը բոլոր հանդիպումներում եւ ելույթներում հատուկ ընդգծում էր, որ ժողովրդավարությունը, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումը Հայաստանի համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ՝ արժեհամակարգ։ Սա մի կողմից ուղերձ է Ռուսաստանին, որ հանկարծ ՆԱՏՕ-ի շրջանակներում ՀՀ ղեկավարի այցը չդիտարկվի որպես աշխարհաքաղաքական կողմնորոշում, մյուս կողմից՝ Արեւմուտքը համարում է, որ ժողովրդավարական արժեքներին հավատարմությունն ի՛ր արժեհամակարգն է։ Շատ դեպքերում հենց այդ արժեքների որդեգրումն է համարվում այս կամ այն պետության կողմից եվրոպական զարգացման ուղի որդեգրելու երաշխիք։
 
Արցախի խնդրում եւս Հայաստանի դիրքորոշումը ներկայացեց եվրոպացիներին հասկանալի լեզվով՝ պատերազմի, բռնություների բացառում։ Բացատրվեց, որ ռազմական ագրեսիան կնշանակի հարձակում ժողովրդավարական արժեքների նկատմամբ։
 
Այդքանով հանդերձ՝ դժգոհություններ կան։
 
Փորձագետները դժգոհում են գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում տեղ գտած ձեւակերպումներից, որոնք պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (բայց սա հո առաջին դեպքը չէ՞, միշտ էլ այդ ձեւակերպումը եղել է)։
 
 
Վարչապետ Փաշինյանը փաստացի դժգոհում է, որ Արեւմուտքը շնորհավորանքի հայտարարություններով հետեւողականորեն ողջունում է Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունը, արձանագրում է, որ մարդու իրավունքների հարգման, ժողովրդավարության տեսանկյունից առաջընթաց ունենք, բայց շոշափելի աջակցություն չի ցուցաբերում։ Նկատենք, որ Ռուսաստանից եւս էական աջակցություն չկա։
 
Այստեղ երկու խնդիր ունենք։
 
Նախ՝ Եվրոպայի իրական աջակցությունը կարելի է ակնկալել միայն ընտրությունների միջոցով իշխանությունը լեգիտիմացնելուց հետո։ Եվ խոսքն այնպիսի ընտրությունների մասին է, որ արժանանան միջազգային դիտորդների միանշանակ դրական գնահատականին, որոնց արդյունքները ոչ մեկի մոտ կասկած չհարուցեն։ Եվ երկրորդ խնդիրը։ Աշխարհում, հակառակ հնչող հանդուրժողականության կոչերին, խաղի կանոնները խստացվում են։ Թե՛ Եվրոպան, թե՛ Ռուսաստանն իրականում հստակ աշխարհաքաղաքական կողմնորոշում են պահանջում։ Այսօր առավել, քան երբեւէ՝ բարդ է լինելու փոխլրացման քաղաքականության իրականացումը։ Չի բացառվում, որ բոլորի հետ հավասար հարաբերությունների արդյունքում տեւական ժամանակ դրվատանքի խոսքերի արժանանանք բոլորի կողմից, բայց իրական աջակցություն ոչ մի կողմից չստանանք ու հարկադրված լինենք հստակ կողմնորոշվել։
 
Ընտրությունը չափազանց ծանր է լինելու, ցանկացած ընտրության դեպքում կան սպառնալիքներ։ Անշուշտ՝ պետք է փորձենք մանևրել, բայց եւ վատթարին էլ պատրաստ պետք է լինենք։ Հարկավոր է հստակ պատրաստ լինել այն իրավիճակին, երբ այլեւս կողմնորոշումն անխուսափելի կլինի։ Հո չե՞նք կարող թույլ տալ 1914 թվականի կրկնություն, երբ ռուսական զորքն այստեղից հեռանում էր, իսկ մենք նրանց հետեւից լաց էինք լինում, թե բարոյական իրավունք չունեք։
 
Դեպի Ռուսաստան միակողմանի ընտրություն կատարելը կասկածի տակ կդնի թավշյա հեղափոխության նվաճումները, ժողովրդավարական արժեքները։ Դեպի Եվրամիություն միակողմանի ընթացքը եւս սպառնալիքներ է պարունակում՝ Ռուսաստանը մեզ շատ մոտ է, Ռուսաստանի ձեռքերն այստեղ բոլոր համակարգերում հասու են։ Ռուսաստանն ի վիճակի է (տարիների ընթացքում մենք ենք այդ հնարավորությունն ընձեռել՝ ռազմավարական կարեւորության ոլորտները սեփականության կամ հավատարմագրային կառավարման իրավունքով նրանց հանձնելով) ճգնաժամեր ստեղծել Հայաստանում։
 
Ռուսաստանն ի վիճակի է անկայունություններ հրահրել նաեւ հայ-ադրբեջանական շփման գոտում. եթե իրեն շատ ընդդիմանանք, եթե ընտրենք անվտանգության այլ համակարգ, ապա՝ նաեւ հայ-թուրքական սահմանի լրջագույն խնդիր կունենանք։ Եվ եթե հանկարծ մանեւրելու բոլոր ռեսուրսները սպառվեն ու հարկադրված լինենք ընտրություն կատարել՝ եւս մեկ հարցի պետք է ուշադրություն դարձնենք։
  
Հարկավոր է կոնսուլտացիաներ ունենալ անմիջական հարեւանների հետ։
 
Մեզ համար միշտ էլ սպառնալիքներ է պարունակում, եթե մենք այլ անվտանգության համակարգում ենք, Վրաստանն ու Ադրբեջանն՝ այլ։ Ծանրագույն ճիգերի գնով պետք է Ադրբեջանի հետ կարողանանք լեզու գտնել, բացատրել, որ մենք բնական դաշնակիցներ ենք, որ եթե ինքներս, առանց միջնորդների չկարողանանք մեր խնդիրները կարգավորել, գերտերությունները միշտ էլ մեզ որպես մանրադրամ կօգտագործեն։
 
 
Վարդան Վարդանյան