«Իմ քայլը» հիմնադրամն այլեւս իրականություն է։ Եվ հիմնադրամը գլխավորում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Ո՛չ արդի աշխարհի առաջադեմ պետությունների, ո՛չ Հայաստանի նորագույն պատմության համար նորություն չէ, որ պետությունների ղեկավարների կանայք աչքի են ընկնում հասարակական ակտիվությամբ։ Եվ այդ գործունեությունը շատ դեպքերում է դրական արդյունքների բերել։  Շատ դեպքերում պետական այրերի կանանց հասարակական նախաձեռնությունները հաջողել են նույնիսկ ամուսինների գործերի ոչ այնքան հաջող ընթացքի պարագայում։ Հիշենք, օրինակ, ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի խոստովանությունը եվրոպական ձախողված առաքելությունից հետո։ Նա չէր կարողացել Շարլ դը Գոլին համոզել վերադառնալու իրենց անվտանգային համակարգ, այնինչ տիկին Ժակլինի բոլոր հանդիպումները հաջող պայմանավորվածություններով էին ավարտվել։ Լրագրողների հարցերին պատասխանելիս ԱՄՆ նախագահն ասաց, որ ինքը պարզապես այն անձնավորությունն էր, որ տվյալ այցի շրջանակներում ուղեկցում էր Ժակլինին։

Այսինքն՝ ինքնին՝ «Իմ քայլը» հիմնադրամի ստեղծման փաստը ողջունելի է։ Պարզապես որոշակի հստակեցման կարիք կա եւ որոշակի նրբություններ ընկալելու անհրաժեշտություն։ Կարծում ենք՝ կանոնադրությամբ պետք է հստակեցվի, թե կոնկրետ որ ոլորտներում է գործում, կոնկրետ ինչ ուղղությունների ծրագրեր է ֆինանսավորում հիմնադրամը։ Այստեղ հիմնադրամի նախագահի հայտարարությունը, թե իրենք աջակցելու են բոլոր այն ծրագրերին, որ ինչ-ինչ պատճառով դեռ պետությունն ու կառավարությունը չեն կարողանում իրականացնել, գուցեեւ խրոխտ է, հավակնոտ, հպարտ, բայց չի հասկացվում։ Չի կարելի սուբյեկտիվիզմին թողնել հովանավորվելիք ծրագրերի ընտրությունը, առավել ճիշտ է չափորոշիչների հաստատումը։ Եվ վերջապես, հարցերը, որոնց էության ընկալումն անհրաժեշտ է նորաստեղծ հիմնադրամից իրականան ակնկալիքները պատկերացնելու համար։ Մինչ այս հիմնադրամի հռչակումը միտումնավո՞ր ստեղծվեցին պայմաններ, որ փաստացի գոյությունը դադարեցնի «Նվիրիր կյանք» հիմնադրամը, միտումնավո՞ր «Հայաստան» հիմնադրամը վարկաբեկելու արշավ իրականացվեց։ Մի՞ թե կար դրա կարիքը։ Առանց այն էլ Հայաստանի հանրային կարծիքն այսօր բարենպաստ է ցանկացած նախաձեռնության նկատմամբ, որ կցուցաբերեն ՀՀ վարչապետը կամ իր ընտանիքի անդամները։ Այսինքն՝ վստահության պաշարի խնդիր հիմնադրամն ի սկզբանե չէր ունենալու։