Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Բրյուսելից որտեղ ընթանում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Առաջին հայացքից սպասելիքներն ու ակնկալիքները մեծ էին Հայաստան-ՆԱՏՕ-ի հարաբերությունների տեղաշարժի հետ կապված, սակայն այս այցը կարծես ավելի ճանաչողական և շփումներ հաստատելու բնույթ էր կրում  քան քաղաքական: Ի՞նչ ձեռք բերեց Հայաստանն այս այցով, ինչպիսի՞ դրական հետևանքներ կունենա Հայաստանի համար. այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ:

-Պարո՛ն Սուքիասյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն վերադարձել է Բրյուսելից, ի՞նչ տվեց այդ այցելությունը Հայաստանին և ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ:

-Գործնական իմաստով՝ ոչինչ չունենք, բայց մի բան ակնհայտ է՝ այս պահին ՀՀ-ն թավշյա հեղափոխության և դրա իդեաների համատեքստում իրականացնում է արտաքին քաղաքականությունը: Հայաստանի համար թավշյա հեղափոխությունը ոչ միայն ներքին կյանքի վերակազմակերպումն է, այլ նաև արտաքին քաղաքականության մեջ  Հայաստանի  շահերի վերաձևակերպումն է: ՀՀ-ն թավշյա հեղափոխությունից հետո ավելի արժանապատիվ և ավելի քաղաքակիրթ տեսքով է ներկայանում աշխարհին: Բրյուսել այցը, կոնկրետ՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, մենք պետք է դիտարկենք Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականության շրջանակներում: Հայաստանը պետք է շարունակի հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը. ինչպես ԵԱՏՄ-ԵՄ-ն ենք հավասարակշռում, այդպես էլ ՀԱՊԿ-ՆԱՏՕ-ն պետք է անենք:

Պետությունները պետք է այլընտրանք ունենան: Հիմա, բնականաբար, չենք կարող անդամագրվել ՆԱՏՕ-ին, բայց հարաբերությունները պահպանել՝ մենք պետք է փորձենք: Աշխարհակարգը պահանջում է մի բևեռից չկախվել. վտանգավոր է, եթե այդ բևեռն ընկնի՝ առաջինը մեզնից  են ազատվելու: Մենք պետք է այլընտրանքային տարբերակ միշտ պահենք: Հայաստանի համար կոմպլեմենտար քաղաքականությունը մեծ նշանակություն ունի: Նոր իշխանությունների օրոք ինքնիշխանությունը բացարձակ արժեք է: Նախկինում անընդհատ տպավորություն էր, թե Հայաստանը ինքնիշխան չի գործում, բայց հիմա մենք տեսնում ենք, որ այդ իմաստով Հայաստանը շատ ավելի կազմակերպված է: Ամբողջ Արևմուտքը շատ ջերմ է ընդունում այսօրվա ՀՀ իշխանություններին: Դա թավշյա հեղափոխության հմայքն է: Հեղափոխություն շատերն են արել, բայց նման որակ չի եղել: Գերտերությունների ղեկավարները, հավանաբար, ցանկանում էին ծանոթանալ համաշխարհային պատմության ունիկալ հեղափոխականի հետ, իսկ Արևմուտքը Հայաստանի կողմից դեմոկրատական դառնալու մեծ ձգտումներ է նկատում: Հայ ժողովրդի հմայքը համաշխարհային քաղաքական բեմահարթակում շատ մեծ է, և մենք պետք է կարողանանք դա իրական կյանքում ռեալիզացնել:

-Թավշյա հեղափոխությունից հետո կարծիքներ կային, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի ՆԱՏՕ-ում ավելի մեծ ուշադրություն կդարձվի Արցախյան հակամարտությանը և այն նույն զամբյուղում չի հայտնվի Կոսովոյի, Աբխազիայի և Մերձդնեստրի հակամարտությունների հետ: Ինչո՞ւ այդ ակնկալիքները չարդարացան:

-Մենք սովոր ենք  Արցախը Հայաստանի հետ դիտարկենլ, բայց ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում դա առանձին հարց է, և Արցախը չի քննարկվում, դա Մինսկի խմբի շրջանակներում է, իսկ ՆԱՏՕ-ն խառնվելու ցանկություն չունի: ՀՀ-ն այս պահին լուծում է իր անվտանգության այլընտրանքը. եթե Հայաստանի անվտանգության շեմը բարձրացավ՝ ավտոմատ Արցախինն էլ կբարձրանա, քանի որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է: Կոնֆլիկտի կողմը Արցախն է, ոչ թե Հայաստանը: Չկա հայ-ադրբեջանական կոնֆլիկտ, սա ժողովուրդների կոնֆլիկտ չէ, սա երկու պետությունների՝ Արցախի և Ադրբեջանի կոնֆլիկտն է: Եվ հիմա՝ եթե Արցախը մտնի բանակցային գործընթաց, որին  մենք պետք է նպաստենք՝ այն օբյեկտիվորեն կդառնա միջազգային հրաբերությունների սուբյեկտ:

-Արդյոք Ռուսաստանը չի՞ «խանդի» Արևմուտքի, ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունների հետագա ընթացքին: 

-ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները չպետք է լինեն ի վնաս ՀԱՊԿ-ի: Մենք պետք է կարողանանք  տարբեր բևեռներ աչքի տակ ունենալ, որպեսզի մեկ բևեռից կախված չլինենք, և եթե հետագայում մենք ՀԱՊԿ-ի շրջանակներում խնդիրներ ունենանք, ՆԱՏՕ-ի դուռը բաց լինի: Սակայն մեր խնդիրը ՆԱՏՕ-ին անդամակցությունը չէ, այլ բալանսի քաղաքակնությունը պահպանելը: Պետությունները պետք է միշտ կարողանան արտաքին քաղաքականությունը հավասարակշռել: Եվ, բացի այդ, ՀՀ-ն կարող է դառնալ միջնորդ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, քանի որ  Ռուսաստանի շրջափակումը, տնտեսական սանկցիաները դեռևս երկար ժամանակ կպահպանվեն, բացի այդ, Ռուսաստանը սեփական տնտեսությունը տեխնոլոգիաներով զարգացնելու պահանջ ունի, բայց Արևմուտքը տնտեսապես ՌԴ-ին բլոկադա է արել: Հայաստանը Ռուսաստանի համար շատ կարևոր է ստրատեգիական իմաստով: Մենք մեր արժեքը պետք է լավ հասկանանք և՛ աշխարհագրական, և՛ աշխարհաքաղաքական, և՛ քաղաքական տեսանկյուններից:

Արմինե Արմենակյան