Ներքին Գետաշեն համայնքի բնակիչները պահանջում են ՀՀԿ-ական համայնքապետ Կարո Գևորգյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով իր պաշտոնավարման տարիներին կոռուպցիայի, պաշտոնի չարաշահման, ինչպես նաև՝ գյուղի խնդիրներին անտարբեր լինելու մեջ։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Կարո Գևորգյանի քարտուղար Գագիկ Զուլոյանը նշեց, որ հրաժարականի պահանջ ամբողջ համայանքի բնակիչների կողմից չի եղել։ 

 

Գյուղացիների խոսքով՝ գյուղապետը զբաղված է միայն իր բարեկամներին գյուղում աշխատանքի տեղավորելով, սակայն այլ փաստարկ ունեն գյուղապետի կողմնակիցները. «Խոսքը համայքնապետի աներձագի մասին է, որը մինչև բարեկամական կապեր ունենալը՝ 2006 թվականից աշխատում է համայնքապետարանում»։

Գյուղն այժմ մանկապարտեզ չունի, նախկին իշխանությունները կառուցել են նոր մանկապարտեզ, սակայն շահագործման չի հանձնվում միայն այն պատճառով, որ գյուղապետի հարսը՝ Արմինե Գևորգյանը, ավարտի ուսումը և վերադառնա գյուղ, որպեսզի հենց նաև զբաղեցնի տնօրենի պաշտոնը։

Այս պնդման հակառակ փաստարկը մանկապարտեզում գույքի բացակայությունն է:

«Անհատական պահանջներից ելնելով՝  հնարավոր է մեկ-երկու տոկոսը խնդիրներ ունենա և բողոքի, բայց դա չի նշանակում, որ ողջ համայնքն է բողոքում։ Կոռուպցիա, պաշտոնի չարաշահում, դրանք բոլորը հերյուրանքներ են։ 15 տարի աշխատել ենք, գյուղը մեծ թափով զարգացել է, ստուգումներ են եղել, եթե կոռուպցիոն երևութներ լիներ՝ կբացահայտվեր»,- ասաց Զուլոյանը։

Նա նկատեց, որ վերջին շրջանում ջրամբարների հետ կապված խնդիր է եղել, և մարդիկ բողոքի ցույց այդ ժամանակ են իրականցրել՝ փակելով ճանապարհը։

 

«Այդ բողոքը ոչ թե համայնքապետի, այլ՝ ջրային տնտեսության դեմ է եղել։ Այժմ համայնքի բնակիչներն ու համայնքապետարանն անում են ամեն ինչ, որ կարգավորվի խնդիրը»,- ասաց նա։