Ամիրյան փողոցի վրա «GM development» ընկերությունը կառավարության որոշմամբ Սոս Սարգսյանի անունը կրող թատրոն է կառուցում, սակայն արդեն 3 օր է շինարարարկան աշխատանքները դադարեցվել են։

ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով, պատճառը հարակից շենքում բնակվող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բողոքն է ոստիկանությանը և քաղաքապետարանին, բանն այն է, որ շինարարությունը հնարավոր է խանգարում է Հրայր Թովմասյանի ավտոմեքենայի շարժին:

 

Այս ամենի վերաբերյալ զրուցեցինք ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հետ, ով հաստատեց մեր ունեցած տեղեկությունը և որոշ մանրամասներ հայտնեց.

«Ոստիկանները աշխղեկին Հրայր Թովմասյանի անունից ասել են, որ շինարարությունը խանգարում է նրա մեքենայի երթևեկությանը։ Մենք էլ ենք զարմացած։ Ոստիկաններն ասում են՝ շինարարական աշխատանքներ չիրականացնեք, մինչև ճշտենք շինարարությունը օրինական է, թե՝ ոչ, խանգարում ենք, թե՝ ոչ, սակայն մենք պետական ծրագիր ենք իրականցնում, Սոս Սարգսյանի թատրոնն ենք կառուցում ոչ թե՝ սաունա»,-ասաց Սիրունյանը։

Նա նշեց, որ գործ ունեն ապօրինության հետ և իրենց բողոքն ուղղված է ոստիկանությանը։ Նրանք նախատեսում են մյուս շաբաթ սկսել շինարարական աշխատանքները, և ոստիկանության կողմից նույնը կրկնվելու դեպքում պատրաստվում են մեծ աղմուկ բարձրացնել։