Հայաստանում բնակչության 70 տոկոսը վստահում է Եվրամիության վարած քաղաքականությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Սա զարմանալի թիվ է՝ հատկապես հաշվի առնելով ՀՀ այլ գործընկերների շրջանում արձանագրված թվերը։ 2017թ.-ին Հայաստանում ԵՄ նկատմամբ վստահությունն աճել է 5 տոկոսով, իսկ ԵԱՏՄ նկատմամբ վստահությունն անկում է ապրել։ Հայերի 80 տոկոսը զգում է, որ ԵՄ հետ հարաբերությունները լավն են, 69 տոկոսը գնահատում է ֆինանսական աջակցությունը, որը տրամադրում է ԵՄ-ն, իսկ հայերի 66 տոկոսը հավատում է, որ աջակցությունը արդյունավետ է։ Սա նոր աշխատանքի ճանաչման գնահատականն է»,- նշեց դեսպանը։
 
Օրեր առաջ վարչապետ Փաշինյանը անդրադարձել էր ԵՄ-ից սպասվող ֆինանսական աջակցությանը և այն, ըստ էության, ոչ բավարար գնահատել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական-տնտեսական տրանսֆորմացիաների ֆոնին: Այսօր իր ասուլիսում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ըստ էության, պատասխանում է Փաշինյանին և պատասխանը ավելի քան խոսուն է, այն բացահայտում է պայմանները, որոնց համապատասխանելու պարագայում Փաշինյանը և նրա կառավարությունը հնարավորություն կստանան օգտվել ԵՄ դոտացիաների ավելի լայն պորտֆելից:
 
ԵՄ դեսպանը պատահական չի հիշատակում այն փաստը, որ հայ հասարակության 70 տոկոսը այսօր վստահում է ԵՄ-ին և հակառակը՝ ԵԱՏՄ հանդեպ վստահության ակնհայտ պակաս է նկատվում: Չնայած այդ փաստին, Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հասցրել է ընդգծել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու նպատակ այս պահին Հայաստանը չունի և շարունակելու է զարգացնել հարաբերությունները Մաքսային միության անդամ հանդիսացող երկրների և հատկապես՝ ՌԴ հետ: ԱԳ նախարար Մնացականյանն էլ խոսելով ԵՄ հետ հարաբերություններից հայտարարել էր, որ Հայաստանում հեղափոխությունից հետո Եվրոպական միության գործընկերների հետ հարաբերությունները չեն փոխվելու: Գուցե հենց դա է խնդիրը, և ԵՄ-ն ցանկանում է այդ հարաբերությունների որակական և բովանդակային փոփոխություն, ինչը Հայաստանից արտաքին քաղաքական վեկտորի կոնկրետացում է ենթադրում:Հայկական աղբյուրների համաձայն` բոլոր բրյուսելյան հանդիպումների ժամանակ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսության միության լիիրավ անդամ, որը նրա առջև «տնտեսական զարգացման հսկայական հնարավորություններ» է բացել։ Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է հուսալի գործընկեր դառնալ Եվրամիության համար և կապող օղակ եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն միավորումների միջև։
 
Այս առումով Սվիտալսկու նշած թվերը այնքան էլ հեռու չեն իրականությունից, քանի որ մինչ օրս հասարակությունը իր մաշկի վրա չի զգացել ԵԱՏՄ հսկայական հնարավորությունների ազդեցությունը: Մինչդեռ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին խոսք անգամ չի գնում, չնայած այն փաստին, որ ընդդիմության եղած ժամանակ Փաշինյանն ու նրա թիմը հանդես են եկել Հայաստանի՝ միությանը անդամակցելու աննպատակահարմարության դիրքերից: Չնայած այդ հանգամանքին, Փաշինյանը այսօր օժանդակություն է ակնկալում Եվրոպական Միությունից: Սվիտալսկու անկարկը հանրության տրամադրությունների մասով պատահական չէր՝ նա շատ լավ է հիշում Փաշինյանի բազմիցս արած հայտարարությունները, որ այն պահին, երբ չի զգա ժողովրդի աջակցությունը, րոպե ավել չի մնա վարչապետի պաշտոնում: Մշտապես ժողովրդի կամքին և կարծիքի գերակայությանը ապավինող վարչապետին Սվիտալսկին հրամցնում է այն նույն հասարակության մեծամասնության նախապատվությունները՝ թվային ֆորմատով, միևնույն ժամանակ ակնարկելով՝ եթե նոր կառավարությունը ակնկալում է օժանդակության ծավալների ընդլայնում, պետք է կողմնորոշվի ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան՝ անսալով մեծամասնության կարծիքը…
 
Ստելլա Խաչատրյան