ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 16-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանում պետք է պարտադիր գործի ազատությունից զրկված անձի վարքագծի ռիսկային գնահատման մեխանիզմ:

«Կատարած հանցանքը կարևոր է պայմանական վաղաժամկետ ազատման հարցերը լուծելու համար, բայց շատ ավելի էական է անձի վարքագծի գնահատումը ազատազրկման վայրում: Մեր երկրում անպայման պետք է գործի բանտարկյալին ազատելու նախապատրաստման աստիճանական մեխանիզմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ'ասաց նա և հավելեց, որ ՄԻՊ-ի գործունեության առանցքում այս սկզբունքն է:

Անդրադառնալով Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կանանց և անչափահասների վերաբերյալ խնդիրներին' Թաթոյանը շեշտեց, որ դրանք հիմնականում կապված են բժշկական ծառայությունների հասանելիության և գործողությունների ռեժիմի հետ: Օրինակ' երկարատև կալանքների դեպքում սոցիալ-հոգեբանական բավարար աշխատանքներ տարվո՞ւմ են, թե ոչ: Հարցեր կան ընտանիքի անդամների հետ կապի պահպանման վերաբերյալ: