Օրեր առաջ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ամփոփեց իր պաշտոնավարման 40- օրյա ժամկետը: Ինչպես սովորաբար անում են պաշտոնատար անձինք, նա ևս, ամփոփելով իր գործունեության արդյունքները, անդրադարձավ գրանցված դրական արդյունքներին:

Խոսելով հատկապես ավտոգազալցակայանների ոլորտում գործունեություն իրականացրած տնտեսվարող սուբյեկտների մասին, Անանյանը նշեց, որ դրանցից 8-ի՝ հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով, պետությանը հասցվել է շուրջ 950 մլն դրամի չափով վնաս:

 

Թվում է, թե ամեն ինչ լավ է, նոր կառավարությունն իսկապես աշխատում է, սակայն տպավորությունը մնում է այնքան ժամանակ, մինչև գույները սկսում են խտանալ: Երբ ավարտվեց Անանյանի դրական քողի ներքո անցած ասուլիսի առաջին մասը, սկսեցին լրագրողների սուր դիտարկումները, որոնցից մեկը վերաբերում էր գազալցակայանների հայտնի սեփականատերերի անունները հնչեցնելուն: 

Հարցին ի պատասխան Անանյանը վստահեցրեց, թե գիտեր, որ նման հարց է հնչելու, ուստի իր հետ բերել է թերթիկ, որի վրա գրված են գործարարների անունները: Սակայն երկար փնտրտուքից հետո պարզեց, որ մոռացել է թերթիկը, հետևաբար, նշեց միայն ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի և գործարար Մհեր Սեդրակյանի անունները՝ ընդգծելով, որ վերջինիս պատկանող գազալցակայանում չափագրումը կազմել է 15 մլն դրամ, որն, ի տարբերություն մյուսների, ամենաքիչն է:  

Ապա, չկարողանալով շրջանցել լրագրողների պնդումները, որ նշի մյուսների անունները ևս, ՊԵԿ նախագահը խոստացավ առաջիկայում անդրադառնալ բոլոր ընկերությունների սեփականատերերին և դրանց պատկանելության խնդրին:
 
Այս ընթացքում, երբ բոլորս անհամբեր սպասում էինք անուններ հնչեցնելուն, ՊԵԿ-ը տարածեց մի հաղորդագրություն, որում ընդամենը նշում է, որ այս կամ այն հայտնի անձնավորության հետ կապվող ընկերությունները շատ հաճախ փաստաթղթերով պատկանում են այլ ֆիզակական անձանց, և ընկերությունների փաստացի սեփականատերերի մասին տեղեկատվությունը կարող է հաստատվել քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա:
 
Հետաքրքիր է՝ Անանյանը չէ՞ր կարող պարզել սեփականատերերին, թե՞ ամեն դեպքում չցանկացավ խորանալ թեմայի մեջ, որտեղ խաղացողները խոշորներն են: Ըստ երևույթին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ անուններ տալով կարող է նեղ դրության մեջ դնել իրեն և կառավարությանը, որոշեց լռել:
 
Համոզմունք կա, որ Դավիթ Անանյանի համար դժվար չէր իրական սեփականատերերի անունները պարզելը, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ոլորտում «մանր ձկներ» չեն լողում, այլ հակառակը՝ միայն «խոշորներն են», վերջինս չցանկացավ հարաբերությունները սրել այդ նույն խոշորների հետ:
 
Բավականին զգուշավոր այս քայլով, փաստորեն, Դավիթ Անանյանը չցանկացավ կրկնել այն սխալը, որը արվեց սուպերմարկետների սեփականատերերի դեպքում: Բոլորս ենք հիշում, ինչպես նրանք բոյկոտեցին և, ըստ երևույթին, կառավարությանը փոխզիջումներ պարտադրեցին:
 
Գազալցակայանների իրական սեփականատերերի միասնական բոյկոտը կարող էր լրջագույն վնաս հասցնել թե՛ պետությանը, թե՛ քաղաքացիներին անհատապես և՛ թե Անանյանի ու Փաշինյանի կառավարության վարկանիշին:
 
Հիշեցնենք, որ «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 14,9 միլիոն, 168,4 միլիոն, 79,4 միլիոն , 53 միլիոն, 25,7 միլիոն, 349,5 միլիոն և 58,7 միլիոն ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց: