«Իմ հրապարակած անուններն իմ տեղեկանքի մեջ կային, բայց թե որքանով են իրականությանը համապատասխանում, դա քննչական գործողությունների պարզման պրոցեսում է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ մամուլի ասուլիսիժամանակ ավտոգազալցակայանների ոլորտում գործունեություն իրականացրած տնտեսվարող սուբյեկտների անունները հնչեցնելուն:

Նշենք, որ Անանյանը հնչեցրել էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարույթունյանի, Մհեր Սեդրակյանի անունները:

 

«Ինձ ներկայացրած տեղեկանքի հավանական բաժնետերեր սյունակում այդ անձանց անուններն էին գրված, որոնք ուղղակի հիշողությամբ ասացի: Ազնվաբար ասում եմ՝ սխալվեցի, որովհետև քննչական գործողությունների արդյունքում պետք է պարզվեն: Քննչական գործողությունների նպատակն այն է, թե տվյալ բաժնետերը իր գործողություններով կամ անգործությամբ նպաստե՞լ է այդ իրավիճակին, թե՝ ոչ»,- ասաց նա: 

Նա նշեց՝ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը գազալցակայան ունի, թե ոչ՝ ճշտվում է. «Իրավական առումով, որպես բաժնետեր՝ բաժնետերերի ռեեստրում նշված չէ, բայց մենք կարծում ենք, որ կապ կա»: