Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ուղիղ եթերում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի մամուլի ասուլիսը: Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը, վարչապետ Փաշինյանը նշեց՝ կհնչեցնի այն հարցերի պատասխանները, որոնք այս ընթացքում առաջացել են, բայց ինչ-ինչ պատճառներով հասանելի չեն եղել հանրությանը:

Նա, անդրադառնալով դիտարկումներին, թե այնքան էլ պարզ չէ՝ ինչ տնտեսական քաղաքականություն է վարում կառավարությունը՝ Փաշինյանը նշեց. «Կարծում եմ, որ դա գուցե մեր մեղավորությունն է, որ մանրամասնորեն չենք պարզաբանել խնդիրները: Ես ուզում եմ, որ արձանագրենք. մեր տնտեսական քաղաքականության առանցաքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է: Հեղափոխությունից առաջ մենք ունեցել ենք տնտեսական մի համակարգ, որտեղ տնտեսական գործունեությունը հասանելիության սահմանափակ մակարդակ է ունեցել և սահմափակ թվով մարդիկ են հնարավորութուն ունեցել համախառն ներքին արդյունքի ձևավորման մեծ բաժինը ստեղծել: Ներառող տնտեսական համակարգի նպատակն այն է, որ նման սահմանափակումներ չպետք է լինեն, և տնտեսական արդյունքները պետք  է լինեն հասանելի»,- ասաց նա: 

 

Վարչապետը նկատեց՝ կառավարությունն իր անելիքն է համարում ժամանակ առ ժամանակ ծանոթանալ իրավիճակին, մոնիթորիգ անել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում և եթե փոփոխություններ տեղի չեն ունենում՝ կիրառեն նոր գործիքակազմ:

Ըստ նրա՝ տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի ստեղծմանն ուղղված ջանքերը. «Ցանկացած մասնագետ ձեզ կասի, որ ներդրումային միջավայրի համար անհրաժեշտ են անկախ դատական համակարգ և կոռուպցիայի բացակայություն: Մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որն առաջիկայում պետք է ամրագրվի նոր օրենսդրական փոփոխություններում»,- նշեց նա:

Նկատենք, որ սա վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին մեծ ասուլիսն է վարչապետի պաշտոնում: Մինչ այս Փաշինյանը նախընտրում էր հասարակությանն իր մոտեցումները ներկայացնել ֆեյսբուքյան «լայվերի» միջոցով՝ պատասխանելով իրեն ուղղված առավել շատ «լայք» հավաքած հարցերին: