Այսօր կառավարությունում ընթացող ասուլիսի ժամանակ վարչապետը խոսեց վարվող կադրային քաղաքականության մասին: Հարց հնչեց նաեւ ՊԵԿ-ում վարվող կադրային քաղաքականության մասին: Մասնավորապես, մամուլում շատ քննարկված Ռաֆիկ Մաշադյանի, Կարեն Կարպետյանի, Փաշայան ազգանունով պաշտոնյաների վերաբերյալ, ովքեր նախկինում եւս աշխատել են համակարգում եւ ընկալվում են որպես կոռումպացված, կաշառակեր չինովնիկներ: «Դժվար է գտնել կադրային նշանակումներ, որոնք նեգատիվ չեն առաջացնում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ կառավարությունը նշանակել է ՊԵԿ նախագահ, եւ քաղաքականությունը վարում է նա:
 
Ընդհանրապես, վարչապետի խոսքից պարզ է դառնում, որ մաշադյաններով և պիտուլներով համակարգը կոմպլեկտավորելը լավ օրից չէ: Պարզապես, կան պաշտոններ, որոնց զբաղեցնողներն ունեն մի կողմից անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, մյուս կողմից՝ կռուպցիոն անցյալ: Եթե նոր իշխանությունները հրաժարվեն այս կադրերից՝ ստիպված են լինելու էլ ավելի թանկ գին վճարել նոր կադրերի ուսուցման և ի վերջո՝ այդ տեղեկատվության հայթայթման համար: Հետևաբար, ի՞նչ է մնում անել Փաշինյանին եթե ոչ պահել «պիտուլներին» համակարգում, միևնույն ժամանակ ստանձնելով ժանդարմի դերը, ով կմտնի խաղի մեջ, եթե վերոնշյալները չգիտակցեն երկրում տեղի ունեցած օբյեկտիվ փոփոխությունները և շարունակեն գործել նախորդ համակարգի տրամաբանությամբ: Մեկ փաստ էլ է ակնհայտ դառնում, հատկապես, ՊԵԿ-ի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունների ֆոնին: Իրականում այս վառույցն այնպիսի ծայրաստիճան կառուպցիայի մեջ է խրված եղել, որ այսօր չկա գեթ մեկ «մաքուր» կադր, ում հնարավոր կլինի վստահել այս կամ այն պատասխանատու պաշտոնը:  Եվ այս փաստը վերաբերվում է ոչ միայն ՊԵԿ-ին: Այս իրավիճակը համատարած է: Եվ հենց այս իրավիճակի բացահայտումը կարելի է համարել թավշյա հեղափոխության գլխավոր բացահայտումներից մեկը՝ ամենածանր բացահայտումը թերևս: Մինչ «կնստենք թախտին» և կսպասենք նոր կադրային բազայի ձևավորմանը՝ հույսներս պետք է պիտուլների վրա դնենք: Ինչպես ասում են՝ «յոլա տանենք», հույս ունենալով, որ վերջիններս ինչ-ինչ հրաշքոք բարոյահոգեբանական տրանսֆորմացիաների կենթարկվեն...