Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել Հայաստանում «ծխախոտի ծխից ազատվելու» վերաբերյալ՝ հայտարարելով, որ Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր։ Նախարարը նաև շեշտել էր, որ ծխախոտն է սիրտանոթային հիվանդությունների ամենամեծ ռիսկի գործոնը, «և մենք այս երկու հիվանդությունների բուժումն ավելի հասանելի դարձնելու հետ մեկտեղ, պետք է նվազեցնենք դրանցով հիվանդացությունը՝ կտրուկ իջեցնելով ծխախոտի օգտագործումը»:
 
Այս հայտարարությունը հանրության մի ստվար մասին կրկին անգամ դժգոհելու տեղիք տվեց: Բայց, իրականում, ի՞նչ մեխանիզմներով է այս ամենը կատարվելու, ասել է թե՝ Հայաստանը ծխախոտից զերծ երկիր դարձվելու՝ ոչ մի բառ: Ի՞նչ նոր գաղափարներ ունեն նախարարության համապատասխան խնդրի վրա աշխատող մասնագետներն ու փորձագետները: Բացի այդ, ո՞վ է որոշել, որ ծխելու դեմ պայքարը այսօր առողջապահության ոլորտի առջև ծառացած թիվ մեկ խնդիրն է: Հիշում եք, չէ՞, թե ով էր այդպես որոշել: Այո՛, այո՛. Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը, ում այդ նախաձեռնությունից քարը քարից չթողեցին հենց Թորոսյանի թիմակիցները՝ նախարարին մեղադրելով թացը չորից չտարբերելու, առաջնային խնդիրները թողած՝ անհասկանալի նախաձեռնություններ հրապարակ բերելու համար: Եթե Ալթունյանը չէր նկատում առողջապահության ոլորտում առկա խայտառակ վիճակը, մի՞թե Թորոսյանն էլ է վարակվել այդ կուրությամբ, թե՞ ավելի հեշտ է շարունակել նախկինի ծրագիրը և կարևոր չէ, որ այն հիմնավոր կերպով քննադատության է արժանացել հենց քո քաղաքական ուժի կողմից: Ստացվում է՝ Ալթունյանը ճիշտ էր, և մեր թիվ մեկ խնդիրը ծխախոտն է, իսկ այն, որ գրեթե յուրաքանչյուր օր նորածինների մահացության դեպք է արձանագրվում, այն, որ պետպատվերի հետ կապված խնդիրներն ինչպես կային, այնպես էլ շարունակում են հիվանդներին ստիպել բուժում ստանալ բացառապես ավանդական՝ «տատական» մեթոդներով, այն, որ Սամվել Ալեքսանյանը կարող է ուզածի չափ թանկացնել բուժման վարձավճարը իր «դուքյանը» համարվող ԲԿ-ում, այն, որ մարզերում նորագույն սարքավորումների կարոտ են մնացել, իսկ համակարգը այդպես էլ չի մաքրվել լիկվիդներով մի կերպ բժշկական համալսարանը ավարտած փինաչիներից՝ սրանք երկրորդական կարևորության խնդիրներ են, իսկ նախարար Թորոսյանի համար այս պահին ամենակարևորը «չմո» երկրի քաղաքացիներին թունավոր ծխից փրկելն է… Մի սուրբ առաքելություն, որին պատրաստվում էր նվիրվել նաև Լևոն Ալթունյանը, այն էլ չհասցրեց…
 
Հ.Գ. Տեսնես Թորոսյանի էնտուզիազմը կիսո՞ւմ են նրա այն թիմակիցները, որոնք արդեն մի քանի անգամ ակնարկել են մարիխուանայի օգտագործումը լեգալ դարձնելու անհրաժեշտության մասին: Ինչպես ասում են՝ Աստված բեթարից ազատի…