Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ և դեսպանատան աշխատակիցներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Կողմերը շեշտել են երկու երկրների միջև առկա համագործակցությանը նոր թափ և որակ հաղորդելու անհրաժեշտությունը՝ հատկապես բնապահպանության ոլորտում։

 

 

Նախարար Էրիկ Գրիգորյանը հատկանշել է անտառների կառավարման և օդի առցանց մոնիթորինգի իրականացման բնագավառում Չինաստանի ունեցած հաջողված փորձի ներդրման ուղղությամբ գործնական քայլեր կատարելու անհրաժեշտությունը։ Մասնավորապես՝ նախարարը հայտնել է, որ Հայաստանը հետաքրքրված է դեգրադացված հողերում անտառներ հիմնելու Չինաստանի փորձով և Բնապահպանության նախարարությունն արդեն դիմել է վերջինիս՝ Հանրապետության համապատասխան տարածքներում անտառտնկման փորձնական ծրագիր իրականացնելու առաջարկով։

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բնապահպանության ոլորտի աշխատակիցների մասնագիտական կարողությունների մեծացման նպատակով  վերապատրաստման կոնկրետ  ծրագրեր իրականացնելու հեռանկարներին։