Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը ներկայացրել է Փանիկ գյուղում օրերս տեղի ունեցած միջադեպի իր վարկածը։ Ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը իր խոսքում մի քանի անգամ շեշտել է, որ Փանիկում ոչինչ տեղի չի ունեցել։ Հրամանատարը պնդում է, որ Փանիկում տեղի ունեցածն ընդամենը պլանային վարժանքներ են, որոնք համաձայնեցված են եղել հայկական կողմի հետ, դեռ ավելին՝ Հայաստանի պատկան մարմինները պատշաճ տեղեկացված են եղել Փանիկի գործողությունների մասին։ Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից կատարած ապօրինի քայլերին՝ դրանք որակելով «սադրանք հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ»:
 
Փաշինյանի այս քաղաքական գնահատականին ռուսական կողմը նախընտրեց պատասխանել ոչ թե Կրեմլյան բարձրաստիճան պաշտոնյաների, այլ ռուս գնդապետի մակարդակով: Եվ, եթե ըստ Ելկանովի՝ իրենց կողմից կատարված քայլը սադրանք չէ, հետևաբար, սադրանք է Փաշինյանի տված քաղաքական գնահատականը: Այն փաստը, որ ռազմաբազայի ղեկավարությունը չի ընդունում կատարված ապօրինության փաստը, հղի է լուրջ վտանգով, այն է՝ սադրանքները կարող են շարունակական բնույթ կրել, եթե հայկական կողմը չձեռնարկի համապատասխան քայլեր: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ ռազմաբազային առնչվող հայ-ռուսական պայմանագրի որոշ կետեր թարմացման կարիք ունեն:
 
Արդյո՞ք հայկական կողմին հայտնի են դարձել ինչ-ինչ հանգամանքներ, որոնք չեն բարձրաձայնվում եւ որոնք անհրաժեշտություն են առաջացրել փոխել սահմանապահների, նույնն է թե՝ ՌԴ ԱԴԾ-ի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթներ: Իսկ նոր սադրանքներն ավելի քան հավանական են, հաշվի առնելով, որ հայկական կողմը հայտարարել է օրերս Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու պատրաստակամության մասին: Տպավորություն է, որ մինչ Փանիկի դեպքերը պաշտոնական Երևանը կամուկացի մեջ էր. ՀԱՊԿ անդամ Հայաստանի ՆԱՏՕ-ի հետ ցանկացած մակարդակի փոխգործակցություն շարժում է Մոսկվայի խանդը, ինչը այնուհետև արտացոլվում է պրո-կրեմլյան վերլուծաբանների հակահայկական հայտարարությունների կամ այնպիսի բացահայտ սադրանքների տեսքով, ինչպիսին անակատես եղանք Փանիկում:
 
Ստելլա Խաչատրյան