Մեղրեցիները դժգոհում են. ռուսական սահմանապահ զորքերի անցակետերը խոչընդոտում են իրենց ազատ տեղաշարժման իրավունքը, ուստի արագ լուծում են պահանջում պատկան մարմիններից: Բանն այն է, որ մի քանի ամիս է, ինչ Մեղրիի միջհամայնքային ճանապարհի չորս կետերում ռուսական սահմանապահ զորամասն անցակետեր է տեղակայել, որտեղից անցնելիս սահմանապահները ստուգում են վարորդների անձնագրերը, ավտոմեքենան, ուղևորների քանակը: Միջհամայնքային ճանապարհին գտնվող որոշ գյուղերի բնակիչներ գյուղից դուրս գալու և հետ վերադառնալու համար ամեն անգամ ստիպված են լինում անցնել անցակետով, ինչն էլ հաճախ լարված իրավիճակ է ստեղծում բնակիչների և անցակետի աշխատակիցների միջև:

Բողոքում են հատկապես այգետերերը, ովքեր իրենց այգի հասնելու համար ամեն օր մի քանի անգամ ստիպված են ներկայանալ. «Մենք մեր համայնքում ազատ շրջելու իրավունք չունենք, մեր այգիներ գնալու համար անգամ ստիպված ենք անցնել  անցակետով, ավելորդ ժամանակ ծախսել, հո ստրո՞ւկ չենք: Բերքի իրացման շրջանում խնդիրն ավելի է բարդանալու. մթերողներ են գալու, դրա համար հարցը պետք է շատ արագ լուծվի»,- դժգոհեցին մեղրեցիները:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Մեղրիի համայնքապետարանից հավաստիացրին, որ իրենք լիազորություն չունեն դրա վրա ազդելու, քանի որ ռուսական սահմանապահ զորքերի գործողությունները կարգավորվում են օրենքով:

«Պետական սահմանի մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն, սահմանային գոտին ծավալվում է մինչև ՀՀ սահմանագծից տարածքի խորությամբ 5 կմ լայնությամբ: Այսինքն, հսկիչ կետերը մտնում են 5 կմ լայնության մեջ, ինչը լուծում է ազգային անվտանգության խնդիր, քանի որ խախտումների ծավալը գնալով մեծանում է. անգամ արձանագրվել են թմրանյութերն այս ափից մյուս կողմը գցելու դեպքեր»,- պարզաբանեցին համայնքապետարանից:

Համայնքապետարանից տեղեկացրին նաև, որ սահմանապահ զորքերը լիովին իրավունք ունեն 5 կմ լայնությամբ տարածքում իրականացնել վերահսկողություն, մեքենաների ստուգում: 

«Եթե բողոքը մեծ լինի՝ կառավարությունը, Արդարադատության նախարարությունը պետք է զբաղվեն խնդրով: Կառավարությունը պետք է որոշում ընդունի»,- փոխանցեցին Մեղրիի համայնքապետարանից: