Նախնական տվյալներով Աթենքի մերձակայքում հրդեհների հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այս մասին տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը:

 

ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և հայ համայնքային կառույցների հետ:

 

Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում բռնկված հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ: Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել (+30) 2106831130 կամ (+30) 6989479827 հեռախոսահամարներով:

 

Աթենքի արվարձաններում բնական հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 50-ի: Տուժել է առնվազն 156 մարդ: Ավելի վաղ Հունաստանի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ձանակոպուլոսը հայտնել էր տվյալներ 20 զոհվածների եւ 69 հոսպիտալացվածների մասին:


ERT-ի տեղեկություններով՝ տուժածներից շատերը գտնվում են օրհասական վիճակում: Փրկարարական ծառայությունների եւ ձկնորսների կողմից ավելի քան 700 մարդ է փրկվել լողափերից, ուր մարդիկ փախել էին կրակից: Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, հուլիսի 24-ի առավոտվա դեմ հրդեհների մեծ մասը հաջողվել է վերցնել հսկողության տակ: Սաստիկ քամին հանդարտվել է, որը վերջին օրերին նպաստում էր կրակի տարածմանը: Կրակի մարմանը գործի են դրված հրշեջ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: Հունաստանում հուլիսի սկզբից շոգ եղանակ է հաստատվել, վերջին օրերին օդի ջերմաստիճանը հասնում է 38 – 40 աստիճանի: Հուլիսի 23-ին Աթենքի շուրջը միանգամից հրդեհի մի քանի օջախ է բռնկել: Հունաստանի իշխանություններն արդեն օգնություն են խնդրել այլ երկրներից՝ տարերքի դեմն առնելու համար: