Վերջերս ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանն ասել էր, որ քանի դեռ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամները կալանավորված են, կուսակցություն բացելու և առաջիկա ընտրություններում իրենց մասնակցության վերաբերյալ որևէ քննարկում չի կարող լինել։ Սակայն երեկ «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա Ծռեր» խմբավորման մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտնել են, որ հիմնում են կուսակցություն և մասնակցելու են Ազգային Ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին ։

«Սասնա Ծռերի» կողմից կուսակցություն բացելը դժվար թե անակնկալ լիներ որևէ մեկի համար, սակայն իրարարամերժ կարծիքներ են շրջանառվում՝ արդյո՞ք ճիշտ է նրանց կողմից կուսակցություն բացելը և ընտրություններում ինչպիսի՞ հնարավորություններ կարող են ունենալ նրանք՝ հաշվի առնելով հասարակության կողմից որոշակի ընկալումները։

 

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Արծրուն Պեպանյանը նշեց, որ Հանրապետականի էլեկտորատի մոտ 40-45 տոկոսն այս պահին կողմնորոշված չէ, իսկ «Ծռերի» կողմից ընտրություններում հաջողություն գրանցելը կախված է նաև իշխանություններից՝ «Եթե հաջողություններ ունենան՝ մեծ մասը կգնա դեպի իրենց, եթե ոչ՝ ժողովուրդը կմտածի՝ հույսն ում հետ կապի»,-ասաց Պեպանյանը։

Image result for արծրուն պեպանյան

Անդրադառնալով «Սասնա Ծռերի» կողմից կուսակցություն ստեղծելու նպատակահարմարությանը՝ Պեպանյանը նշեց «եթե մտածում են կարող են բավարար թվով հետևորդներ ունենալ ու մասնակացել քաղաքական իրադարձություններին՝ իրենց իրավունքն է։ Այսօր չկա ազգային ուղղվածության ոչ կուսակցություն, ոչ նախաձեռնություն, և գուցե նրանք հույս ունեն այս շերտը լրացնել»։

Ինչ վերաբերում է նոր իշխանությանը ընդդիմություն լինելուն, վերլուծաբանը նշեց, որ դա կախված է նրանից, թե նոր իշխանության հետ կհամընկնի՞ գաղափարախոսությունն ու դրույթները, թե՝ ոչ։

«Կուզեմ՝ լինի համագործակցություն։ Ես ընթերցել եմ Ժիրայր Սեֆիլյանի նամակը, հետևում եմ նաև իշխանավորների ելույթներին, և եթե Նիկոլ Փաշինյանին հանենք, ապա ազգայինի պակաս կա, իսկ Ժիրայր Սեֆիլյանը բերում է ազգայինը։ Այդ երկուսը եթե իրար հետ խառնվեն՝ բարեփոխիչն ու ազգայինը, շատ լավ բան կստացվի։ Կուզեի լիներ դրույթների համընկնում, որովհետև երկիրն այնպիսի վիճակում է, որ նույնիսկ եթե մեր ամբողջ ազգի ջանքերը մեկտեղենք՝ դժվարանալու ենք այս ճահճից դուրս գալ։ Հակառակ դեպքում, եթե տասը տարբեր կուսակցություններ սկսեն իրար դեմ պայքարել, իրար խանգարել, վարկաբեկել, մենք կմնանք այս ճահճի մեջ»,-հավելեց Պեպանյանը։

 

Արմինե Արմենակյան