Նախկինում Իջևանի զորամասի տարածք հանդիսացող Գետահովիտի վարչական տարածքում գտնվող 8․9 հա տարածք ՀՀ կառավարությունը 2018 թվականի մարտի 29-ի որոշմամաբ  անհատույց նվիրել է Հայ առաքելական եկեղեցուն։ Այս որոշման մասին համայնքի ղեկավարը, ավագանին և բնակչությունը իմացել են միայն որոշման հրապարակումից հետո՝ ծանուցումով։

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը նշեց, որ որոշումը ստանալուց անմիջապես հետո կառավարությունն է փոխվել և իրենք դիմել են նոր կառավարությանը, քանի որ այդ որոշմանն առաջին հերթին ժողովուրդն է դեմ։ Որշումն ուղարկելուց հետո վարչապետը Տավուշի մարզպետին ուղարկել է հարցը տեղում քննարկելու, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ՝ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Գետահովիտի ավագանու անդամները և համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը:

 

«Բագրատ եպիսկոպոսը բարեգործական ծրագրեր է ցանկանում իրականացնել և լավ է, բայց մենք երաշխիք չունենք, որ դա շուտ կլինի, իսկ համայնքը զարգանալու կարիք ունի։ Այստեղ խոսքն անհատույց նվիրատվության մասին է, իսկ նման տարածքները որևէ մեկին փոխանցելիս համայնքի բյուջեին վճարվում է որոշակի գումար համայնքի կարիքների համար։ Մենք ընդհանրապես չենք ցանկանում  անհատույց նվիրաբերել եկեղեցուն, սակայն ծրագիրը երեխաների համար է, և մենք ոչինչ չենք ասում, միայն ցանկանում ենք, որ գյուղի համար գոնե ինչ-որ բան անեն, օրինակ՝ մանկապարտեզ չունենք, դա կառուցեն»,- ասաց Ղազարյանը և հավելեց, որ Բագրատ եպիսկոպոսը պատրաստակամություն է հայտնել մանկապարտեզի կառուցման աշխատանքեր իրականացնելու համար, իսկ իրենք սպասում են, որ պահպանվող տարածքը փոխարինվի պատմաշակութային տարածքի։ Այնուհետև  կանցկացվի ավագանու նիստ, որի ժամանակ հստակ հարց կլինի, եթե կկառուցվի մանկապարտեզ՝ ավագանին կհաստատի։

Համայնքի ղեկավարը նաև նշեց, որ անհատներ ևս ցանկացել են այդ տարածքում գործունեություն իրականացնել, և, ըստ Ղազարյանի, առավել նպատակահարմար է նման տարածքում տուրիզմի և զբոսաշրջության կենտրոն բացելը, որը և՛ համայնքի բնակչության, և՛ Իջևանի և ողջ մարզի համար արդյունավետ կաշխատի։

 

Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցու ծրագրի իրագործման համար անհրաժեշտ է 3-5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում։