Ռոբերտ Քոչարյանը, ինչպես և հայտարարվել էր, այսօր կներկայանա ՀՔԾ՝ հարցաքննվելու Մարտի 1-ի գործով: Հարցաքննության ժամը, սակայն, ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ գաղտնի է պահվում: Թեև սա ՀՀ երկրորդ նախագահի առաջին հարցաքննությունը չէ, սակայն առաջինն է այն առումով, որ նրան հարցաքննելու է մեկը, ով որևէ կերպ կախվածության մեջ չէ նախկին իշխանութոյւններից, կամ, այսպես ասած՝ վստահելի անձ չէ, ով ցանկացած պահի «կջրի» հարցը՝ նախագահի հարցաքննությունը վերածելով ընդամենը դեկլարատիվ քայլի: ՀՔԾ-ում վերջին շրջանում տեղի ունեցած կադրային փոփոխությունները շատերը պայմանավորում էին հենց Մարտի 1-ի գործով անաչառ հետաքննություն անցկացնելու ցանկության հետ: Սակայն այս հարցում միայն ցանկությունը, ինչպես ասում են, բավարար չէ: Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ հարցաքննության ձայնագրության հարցը տեխնիկական է և քննարկման փուլում է:
 
Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Երկրորդ նախագահն ավելի շատ հակված է իր հարցաքննությունը ձայնագրելուն, քան չձայնագրելուն: Ինչո՞ւ, ի՞նչ սկզբունքային խնդիր է դրանով հետապնդում Քոչարյանը: Բնական է, որ Քոչարյանը ձայնագրության հացում պնդում է առաջին հերթին իր ապահովագրության համար: Նա կարող է հնչեցնել այնպիսի անուններ, որ որևէ մեկը՝ նախկին և ներկա իշխանություններից՝ շահագռգռված չլինի ձայնագրության հրապարակման մեջ: Դա վերաբերվում է և՛ Սերժ Սարգսյանին, ում Մարտի 1-ի գործով անչափ տարակուսելի կերպով մշտապես երկրորդ պլան են մղում, և՛ այն ժամանակվա ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ի դեպ , ընդդիմության գործողությունների վերաբերյալ Քոչարյանը դեռևս 2008 թվականին էր պատրաստվում բացահայտումներ անել. գուցե նա գտնում է, որ ժամանակն արդեն եկե՞լ է: Այս համատեքստում ուշագրավ էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, որը կայացավ օրերս. Չի բացառվում, որ Քոչարյանի հարցաքննության նախօրեին ՀՀ առաջին նախագահը ցանկանում էր հանդիպել վարչապետի հետ հենց Մարտի 1-ի մասով որոշակի իմունիտետ ստանալու նպատակով: Ստացավ նա այն, թե ոչ՝ այլ հարց է:
 
Ի դեպ՝ Քոչարյանը կարող է տալ հենց Նիկոլ Փաշինյանի անունը: Ամիսներ առաջ, երբ խորհրդարանում ԵԼՔ-ը դեռևս ընդդիմության կարգավիճակում պնդում էր Քոչարյանին Մարտի 1-ի գործով հարցաքննելու անհրաժեշտության մասին, Երկրորդ նախագահի գրասենյակից հնչեցին ոչ երկիմաստ ակնարկներ ուղղված հենց Նիկոլ Փաշինյանի դերակատարությանը Մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններում: Այսպիսով՝ Քոչարյանի հարցաքննությունը կարող է վերածվել նոր իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի համար ծուղակի, երբ Մարտի 1-ի բացահայտման քաղաքական կամքն իրականում կարող է ավելի շատ վնաս հասցնել Փաշինյանին, քան օգուտ: