Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող «Գրին ֆարմեր» ընկերությանը երկու արտոնություն տրամադրել։ Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ ՊԵԿ նախագահի որդիներ՝ 21-ամյա Հենրիկ Հարությունյանը և 22-ամյա Ռուբեն Հարությունյանը կիսում են «Գրին ֆարմեր» ընկերության 17-ական % բաժնեմասեր, իսկ ընկերության 66 % բաժնեմասը պատկանում է Արման Աբրահամյանին։
  
Կառավարությունը մինչ այս պահն էլ է արտոնություններ տրամադրել նախկին իշխանությանը մոտ կանգնած պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը, սակայն Հարությունյանի պարագայում իրավիճակը փոքր-ինչ այլ է: Նախ, ակնհայտ է, որ նրա կապը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ–ի հետ՝ ամբողջությամբ այդպես էլ չբացահայտվեց, նրան, փաստորեն, հաջողվեց «ջրից չոր դուրս գալ» չնայած այն հանգամանքին, որ այդ կոռուպցիոն սխեման չէր կարող գործել Հարությունյանի «քթի տակ», առանց նրա իմացության: Բացի այդ, մի՞թե չկա Հարությունյանի մեղավորությունը նրանում, որ այսօր ՊԵԿ համակարգում չկա անգամ մեկ կոռուպցիայի մեջ չթաթախված, մաքուր պաշտոնյա, որին նոր Հայաստանում հնարավոր կլիներ վստահել պատասխանատու գործունեությունը:
 
Սակայն, ինչպես երևում է, նոր Հայաստանում որևէ խնդիր չեն տեսնում նման անձի անվան հետ կապվող ընկերությանը արտոնություն տրամադրելու մեջ: Ի դեպ, անչափ ուշագրավ էր վարչապետ Փաշինյանի դիտարկում-հարցը նախարար Արծվիկ Մինասյանին՝ այս համատեքստում: Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք նախկին արտոնությունները նպատակին ծառայե՞լ են, թե՝ ոչ: Այսինքն՝ Փաշինյանն ինքն ունի մտավախություններ, կամ առնվազն՝ կասկածներ: Բայց այդ դեպքում արդյո՞ք ճիշտ չի լինի հրաժարվել օլիգարխների որդիներին, խնամի-ծանոթ-բարեկամներին արտոնություններ տրամադրելուց և փորձել այդ գումարները ներդրումների կամ խնայողությունների տեսքով հայթայթել այլ տեղից և չշարունակել հին Հայաստանի քաղաքական ղեկավարությանը բնորոշ այս արատավոր ավանդույթը: Արտոնությունների տրամադրման հարցում պետք է գործել ոչ թե սուբյեկտիվ մոտեցումները նվազեցնելու, այլ այդ սուբյեկտիվիզմն իսպառ բացառելու տրամաբանությամբ: