Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայությունում է: Ընթանում է հարցաքննություն: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին ասաց մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է կանչվել Մարտի 1-ի գործով:

Քոչարյանի գրասենյակը դիմել էր հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու համար: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ հարցաքննությունը տեսաձայնագրելու և կցվելու է քրեական գործին: Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ տեսաձայնագրությունը հրապարակվելու է:

Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ հարցաքննության էր կանչվել հուլիսի 6-ին, սակայն չէր ներկայացել Հայաստանից բացակայելու պատճառաբանությամբ: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը կներկայանա հարցաքննության, երբ հուլիսի 25-ից հետո արտերկրից վերադառնա Հայաստան:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: