Պետական տեղեկատվական քաղաքականության մասին հնչում են մտահոգություններ, թե նկատելի չէ այդ քաղաքականության «ողնաշարը» և բացակայում է ընդհանրական տեղեկատվական հայեցակարգը, որով կառաջնորդվեն և կգործեն պետական գերատեսչություններն ու պաշտոնյաները։ Առաջին հայացքից՝ մտահոգությունները տեղին են, սակայն իրական վիճակը զգալիորեն տարբերվում է առաջին տպավորությունից։ 

 

Պետական տեղեկատվական քաղաքականություն իրականացնող նախկին համակարգի «ողնաշարը» կոտրված է, իսկ նոր համակարգը դեռևս վերջնական չի կայացել և ամբողջությամբ չի գործում, սակայն դրա վերակառուցման գործընթացն ակտիվ փուլում է։ Թերևս, այս պատկերով կարելի է նկարագրել տեղեկատվական դաշտում առկա իրավիճակը, ինչն էլ մատնանշում են խնդրով հետաքրքրված և շահագրգիռ կողմերը։ 

 

Ինչպես նշվեց՝ տեղեկատվական նախկին մեխանիզմները, տեղեկատվության տարածման սխեմաները, սուբյեկտները և համակարգն ամբողջությամբ (բացառությամբ որոշ առանձին գործիքների) այլևս չեն գործում։ Դեռ ավելին, դրա մի շարք առանձին արհեստավարժ էլեմենտներ այժմ փորձում են կայանալ և արդեն նույնիսկ հաջողությամբ գործում են ընդդիմադիր դիրքերում։ Չխորանալով քաղաքական դրդապատճառների մեջ, պարզապես արձանագրենք, որ տեղի է ունեցել պարզ և բնական տրանսֆորմացիա, ինչը բնորոշ է ցանկացած քաղաքակիրթ երկրին և կայացած քաղաքական համակարգերին։ Մնում է, որ համապատասխան պետական համակարգը ևս շուտափույթ կայանա և հաջողությամբ գործի, քանի որ պոտենցիալ պատերազմական վիճակում գտնվող երկրի համար այդ համակարգի բացակայությունը կամ անգործությունը լուրջ վտանգներով է հղի։ 

 

Դատելով տվյալ հարցի առնչությամբ նոր կառավարության տված առաջին ազդակներից՝ ստորև համառոտ կներկայացնեմ պետական ներքին տեղեկատվական քաղաքականության այն առանձնահատկությունները և նորույթները, որոնք ըստ իս՝ ունենալու է (կամ պետք է ունենա) նոր ձևավորվող համակարգը։ Նախ` անդրադառնանք նոր համակարգի բովանդակային, և այնուհետ՝ տեխնիկական կողմերին։ 

 

Առաջին․ տեղեկատվական հոսքի կորիզը դառնում է պաշտոնակա՛ն, պաշտոնակա՛ն և կրկին պաշտոնակա՛ն տեղեկատվությունը, իսկ փորձագիտական, մասնագիտական և հանրային դաշտերը՝ թողնվում են ինքնակարգավորման։ Եթե նախկինում պետական տեղեկատվական քաղաքականությունն իրացվում էր պետական մարմինների հետ խիստ ասոցացվող քաղաքական գործիչների, փորձագետների, մասնագետների, բլոգերների, և անգամ ֆեյսբուքյան կեղծ օգտատերերի միջոցով, ապա այժմ այդ գործառույթը պետք է դրվում է գերատեսչությունների պաշտոնական հարթակների և առանձին պաշտոնյաների վրա։ 

 

Եթե նախկինում այս կամ այն խնդրի առնչությամբ իշխանության դիրքորոշումը պաշտոնական աղքատիկ ազդակներից զատ արտացոլում էին վերը թվարկված սուբյեկտները, և կախված այդ ազդակներից կարելի էր եզրակացնել, թե որ ուղղությամբ է «փչում քամին», ապա այժմ պետք է խոշորացույցի տակ պահվեն պաշտոնական հայտարարությունները, հաղորդագրությունները, պարզաբանումները և մեկնաբանությունները։ Դրանք պետք է լինեն քանակով ավելի շատ, քան նախկինում էր, ավելի որակյալ, առավել թափանցիկ, մատչելի ու հասանելի։ Իհարկե, այստեղ ծագում է պետական ապարատի և պաշտոնյայի նկատմամբ վստահության առկայության խնդիրը, ու այժմ պետք է արձանագրել, որ դրա մակարդակը նկատելիորեն ավելի բարձր է քան նախկինում էր։ Հետևաբար՝ հանրության շրջանում կառավարության նկատմամբ առկա վստահության ռեսուրսի պաշարն ուղիղ համեմատական է լինելու տվյալ տեղեկատվական քաղաքականության արդյունավետության հետ։ 

 

Մեկ նախադասությամբ՝ տեղեկատվական քաղաքականության դերակատարներն այլևս գործելու են ստվերից դուրս՝ հրապարակային սկզբունքներով, իսկ կուլիսային արարներն ամբողջությամբ տեղափոխվելու են բեմ։ 

 

Երկրորդ․ պետական (այդ թվում՝ տեղեկատվական) քաղաքականության վերաբերյալ բոլոր ադեկվատ, կառուցողական արձագանքները, քննադատությունները, դիտողություններն՝ անկախ դրանց հեղինակից ու սրության աստիճանից, առանց հավելյալ մեղմացումների և քողարկումների պետք է հասցվեն անմիջապես հասցեատերերին։ Նախորդ փորձը լավագույնս վկայում է, որ իրականության այլափոխված մատուցումը, գոյություն ունեցող խնդիրների մեղմացված կամ քողարկված մատուցումը որոշում կայացնող շրջանակների մոտ ստեղծում է իրականության աղճատված ընկալում, ինչն էլ բերում է սխալ որոշումների և սխալ կառավարման։ 

 

Այս համատեքստում պետք է զգուշավոր մոտեցում ցուցաբերել հատկապես դեղին մամուլի և սոցցանցերում ապատեղեկատվության ուղղորդված տարածման խնդիրների հարցում, որպեսզի դրանք հավելյալ չտիրաժավորվեն և դրանց չեզոքացման ուղղությամբ հավելյալ ռեսուրսներ չվատնվեն։ Տեղեկատվական նման հոսքերը պարզապես հարկավոր է մեկուսացնել և տալ խիստ նվազագույն արձագանք։ 

 

Երրորդ․ պետական տեղեկատվական քաղաքականության իրացման ընթացքում անհրաժեշտ է միանշանակ բացառել բոլոր տեսակի զանգվածային մանիպուլյացիոն գործիքների կիրառումը, որոնք թեև կարճաժամկետում տալիս են ցանկալի արդյունք, սակայն երկարաժամկետ կտրվածքով՝ հետաձգում կամ ձախողում են իրական խնդիրների լուծումները, իսկ հասարակության մեջ կառուցողական դիսկուրսի փոխարեն սերմանում են բացասական ու վտանգավոր հատկանիշներ (այլատյացություն, այլակարծության մերժում, ծայրահեղական տրամադրություններ և այլն)։ 

 

Միևնույն ժամանակ դաշտում գործող այլ թևերի կողմից նմանատիպ գործիքների կիրառման փորձը պետք է կասեցվի կրկին պաշտոնական աղբյուրների չափավոր միջամտությամբ։ Դա թույլ կտա ստեղծել տեղեկատվության վստահելի աղբյուրներ, որոնք հանրության համար (այդ թվում՝ արտակարգ ու պատերազմական իրավիճակներում) լույս կսփռեն մանիպուլյացիոն բնույթի տեղեկատվական արշավների անազնիվ նպատակների վրա ու փոխարենը կմատուցեն օբյեկտիվ տեղեկատվություն։ 

 

Տեխնիկական տեսանկյունից՝ պետական տեղեկատվական քաղաքականության իրականցման գործիքների շարքում ավանդական միջոցներից զատ այլևս չեն կարող իրենց շոշափելի դերը չկատարել սոցիալական ցանցերը։ Դրանց միջոցով գերատեսչությունների և պաշտոնյաների աշխատանքը դառնում է առավել հաշվետու և թափանցիկ, ինչպես նաև որոշ դեպքերում զերծ է մնում լրատվամիջոցների կամայական մեկնաբանումների խնդրից։ Միևնույն ժամանակ ոչ ոք չի արգելում լրատվամիջոցներին անհրաժեշտության դեպքում ցանկացած հարցի շուրջ հավելյալ մեկնաբանության համար դիմել տվյալ սուբյեկտին ու ստանալ պարզաբանում։ Այստեղ որևէ սահմանափակման կամ խոչընդոտի մասին խոսք լինել չի կարող։ 

 

Որոշ լրատվամիջոցների ղեկավարների բարձրացրած դժգոհությունը, թե գերատեսչությունները և պաշտոնյաները տեղեկատվությունն անմիջապես հրապարակում են իրենց էջերում, ինչը իբրև խոչընդոտում է իրենց գործունեությանը, բացարձակապես անտեղի է։ Դա նույնն է, թե մեկ տասնամյակ առաջ տպագիր թերթերը դժգոհեին առցանց լրատվամիջոցների գործունեությունից։ Եվ այժմ ոչ թե պաշտոնյաներն ու գերատեսչությունները պետք է հարմարեցնեն իրենց գործունեությունը լրատվամիջոցներին, այլ հակառակը՝ լրատվամիջոցներն են պարտավոր ադապտացվել պաշտոնյաների և գերատեսչությունների առավել թափանցիկ գործունեությանը։ Եթե առցանց լրատվամիջոցները չեն համակերպվում առաջնային տեղեկատվություն տրամադրողի կարգավիճակից զրկվելու փաստի հետ, ապա սեփական դիրքերը պահելու համար առնվազն պետք է վերափոխեն իրենց քաղաքականությունը և վերածվեն առավել խորը, վերլուծական կոնտենտ արտադրող աղբյուրի, այլ ոչ թե մնան տեքստ արտատպողի կարգավիճակում։ Հանուն արդարության պետք է ամրագրենք, որ պաշտոնյաներն իրենց հերթին չպետք է խուսափեն լրատվամիջոցներին մեկնաբանություն տալուց՝ պատճառաբանելով, թե շուտով պարզաբանում կամ հայտարարություն կտարածվի։ 

 

Սոցիալական ցանցերը որպես տեղեկատվական քաղաքականության իրացման ուղղակի գործիք նախկին կառավարությունների օրոք նման ակտիվությամբ երբեք չեն օգտագործվել։ Նախկինում սոցցանցերի օգտագործումը սահմանափակվել է հանրային կարծիք ձևավորող ցանցերի և «գործակալների» ներդրմամբ, սակայն ոլորտը կարգավորող իրական օղակները երբեք ստվերից դուրս չեն գործել։ Այժմ ձևավորվում է որակապես նոր համակարգ, որտեղ այդ օղակները և իրենց օպոնենտներն ուղղակի կապի և փոխազդեցության մեջ են գործելու։ 

 

Միևնույն ժամանակ սոցցանցերը որպես պաշտոնական տեղեկատվության տարածման գործիք օգտագործելն ունի իր լրջագույն ռիսկերը, և եթե պաշտոնյան կամ գերատեսչության պաշտոնական էջը վարողը չունի բավական փորձ կամ մեդիագրագիտություն, ապա կարող է նաև ձախողվել։ Ձախողման համար կան բազմաթիվ գործոններ և պատճառներ՝ պաշտոնական տեղեկատվության կողքին անձնական բնույթի ոչ հարիր տեղեկատվության հրապարակումից մինչև կազմակերպված և ուղղորդված մանիպուլյացիոն արշավներին «զոհ» գնալը։ 

 

Դրա վերջին ամենավառ օրինակներից է փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խոսնակ Կարպիս Փաշոյանի դեմ ուղղորդված արշավը, երբ մի կողմից գործում էր լավ կազմակերպված «կեղտոտ» գրոհ, որը սկսած ինչ-որ պահից իր ալիքի մեջ ներառեց նաև ազնիվ ու մտահոգ օգտատերերի, իսկ մյուս կողմից պաշտոնյան ճիշտ չգնահատեց իրավիճակը և կատարեց իրար հաջորդող սխալ քայլեր՝ իր ոչ տեղին մեկնաբանությամբ սրեց իրավիճակը ու ներկայացրեց ազատման դիմում։ Սոցիալական ցանցերում «հեղափոխական գործչի» նման վարքագիծը տեղին կլիներ, սակայն պետական պաշտոնյայի դեպքում վարքագծի տարբերությունն ակնբախ պետք է լինի։ 

 

Թե որոնք էին այդ իրավիճակում ճիշտ քայլերը, այլ քննարկման հարց է, սակայն նման միջադեպերը վկայում են, որ սոցիալական ցանցերի դերակատարությունը, մի քանի հարյուր ակտիվ օգտատերերի կարծիքին այդքան մեծ կարևորություն տալը, առավել ևս՝ ակնհայտ մանիպուլյատիվ նպատակներ հետապնդող սուբյեկտներին անհարկի տիրաժավորելը սխալ սկզբունք է։ Սոցիալական ցանցը սպառման հարթակ է, այլ ոչ երբեք՝ ստեղծման, հետևաբար այստեղ պետք է սպառման ենթարկել իրական դաշտում ստեղծված տեղեկատվական արդյունքը, այլ ոչ թե փորձել արդյունք «քամել» սոցցանցից։ Տեղեկատվական նոր քաղաքականությունը պետք է շտկի այդ բացերը։ 

 

Վերը շարադրվածը ցույց է տալիս, որ պետական տեղեկատվական նոր քաղաքականությունն այս պահին կայացման փուլում է։ Հնին փոխարինող նոր համակարգն ինչ-որ առումով կառուցվում է հիմքից, և խնդրով իրապես մտահոգված գործիչները, մասնագետները և պարզապես ակտիվ քաղաքացիները կարող են իրենց ներդրումն ունենալ այդ

գործընթացում։ 

 

Գոռ Ծառուկյան