Սևանա լիճը՝ որպես էկոհամակարգ, օժտված է ինքնամաքրման գործառույթով, սակայն այս պահին աղտոտման բարձր մակարդակի պատճառով անհրաժեշտ է իրականացնել նաև լրացուցիչ մաքրման աշխատանքներ:

 

Ըստ մասնագետների՝ պատճառները տարբեր են. այս տարի ձմեռը մեղմ է եղել և լիճը չի հասցրել ամբողջությամբ սառել: Բացի այդ լճին վնաս են հասցնում նաև հարակից բնակավայրերի կոյուղիները, թափոնները: Լճում նաև ձկան կերի մեծ պաշար կա, բայց համապատասխան քանակի ձուկ չկա այն սպառելու համար, ինչն իր հերթին բերում է էկոհամակարգի աղտոտման:

 

Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի սուզորդ Ստեփան Կոջայանի խոսքով՝ կտրուկ նվազել է նաև Սևանա լճում խեցգետինների քանակը: Ստորջրյա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լճում քիչ չեն նաև ձկնորսական զանազան ցանցերը:

 

«Սևանա լճի այսօրվա վիճակը տարբերվում է մյուս տարիներից: Ծաղկումը բնական պրոցես է, և ծաղկումի շրջան միշտ եղել է Սևանա լճում, սակայն այս տարվա տարբերությունը կապված է այն բանի հետ, որ ծաղկումը համեմատաբար շուտ է եղել: Նախորդ տարիներին այն լինում էր օգոստոսի սկզբին: Այս տարի երկար է տևում. սկսվել է հուլիսի 3-ին, և մինչ այսօր կանաչած տեղեր կան, և տարածված են ողջ լճում: Այժմ անցնում է վերջնական փուլին»,- ասաց սուզորդ Ստեփան Կոջայանը:

 

ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ, ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Համբարյանը նշում է, որ թեև մեծ Սևանի հատվածում, կարծես թե, արդեն նահանջում է ծաղկումը, բայց Փոքր Սևանում դեռ պահպանվում է: Լճի ջրի մակարդակը բարձրացնելուց զատ անհրաժեշտ է մաքրել և կանխարգելել հետագայում նման աղտոտման կրկնությունը: