ժամեր առաջ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Այս գործով մեղադրյալներ են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը և, ըստ տեղեկությունների, մասնակցություն է ունեցել ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում ստեղծված շտաբի աշխատանքներին։
 
Ի տարբերություն Քոչարյանի և Հարությունյանի՝ Խաչատուրովն այսօր գործող պաշտոնյա է: Նա ոչ ավել, ոչ պակաս՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է, հետևաբար, ուզենք թե չուզենք՝ նրան մեղադրանք ներկայացնելը այս կամ այն կերպ հարվածելու է թե՛ Հայաստանի միջազգային հեղինակությանը, թե՛ հատկապես ռուսական կողմից կարող է դիտարկվել իբրև հարված թիկունքից, քանի որ ռուսների համար ոչ այնքան էական է՝ ով է կալանավորվողը, որքան այն, թե ինչ կառույցը է այն ղեկավարում: Արդյո՞ք այս որոշումը նախապես քննարկվել է ռուսական կողմի հետ, թե՞ սա Փաշինյանի հերթական անակնկալն է: Մյուս կարևոր հարցն այն է՝ ինչպես Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը և դրա բավարարումը կանդրադառնա ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերի վրա, կթուլանա՞ն այդ դիրքերը, թե՞ հակառակը՝ կամրապնդվեն՝ հաշվի առնելով Հայաստանի սկզբունքայնությունը բարձրաստիճան պաշտոնյաների՝ օրենքի առջև հավասար լինելու մասով՝ մի բան, ինչը չես հանդիպի նույն Ռուսաստանում, Ղազախստանում կամ Բելառուսում:Բացի այդ, դժգոհությունը Խաչատուրովի գործողություններից արդեն հասունացել էր ՀԱՊԿ գործընկերների մոտ և գեներալին փոխարինելու, նրա վաղաժամ հրաժարականի տարբերակը քննարկվում էր՝ իբրև հավանական տարբերակ: Մի բան ակնհայտ է. ինչպիսին էլ լինի դատարանի որոշումը՝ ՀԱՊԿ-ում Խաչատուրովի գործունեությունը կարելի է ավարտված համարել:
 
Ստելլա Խաչատրյան