«Փաստ» օրաթերթը գրում է.

«Անզեն աչքով էլ նկատելի է, որ չափազանց մեծ ակտիվություն է դրսեւորում «Օրինաց երկիր» կուսակցությունը: Մասնավորաբար, կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հիմնավորապես «տնավորվել» է Ֆեյսբուքում, տարբեր հարցազրույցներ է տալիս:

 

Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, դեռեւս չի կարողանում կողմնորոշվել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու առումով: Մասնավորաբար, Բաղդասարյանը փորձում է հասկանալ, թե որքան է այս պահին իրենց իրական վարկանիշը:

«Փաստին» հասած տեղեկություններով՝ այս օրերին մի քանի անկախ սոցիոլոգիական կազմակերպություններ հարցումներ են անցկացրել մայրաքաղաքում: Ըստ այդմ, օրինակ՝ ՕԵԿ–ի հնարավոր քվեները մայրաքաղաքում գնահատվում են մոտավորապես 1–1.2 տոկոսի սահմաններում: Մեզ չհաջողվեց պարզել՝ արդյոք այդ տվյալները հասե՞լ են «Օրինաց երկրի» ղեկավարին, թե՞ ոչ, սակայն նա, կարծես, հակված է առայժմ ձեռնպահ մնալ ընտրություններին մասնակցելուց:

Փաստը մնում է փաստ, որ տարեցտարի ՕԵԿ–ն ավելի ու ավելի քիչ ձայներ է ստանում: Ի մասնավորի, 2009թ. ավագանու ընտրություններին ստացել են 20.000 քվե, 2013 թվականին՝ մոտ 15.000, իսկ 2017–ին ընդհանրապես չեն էլ մասնակցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: