Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում արհեստական ջրավազաններում լողալու դեպքերը բացառելու նպատակով բնակչության և անչափահասների շրջանում շարունակվում են բացատրական աշխատանքները, իսկ ջրավազանների հարակից տարածքներում տեղադրված են համապատասխան իրազեկող ցուցանակներ և լողալն արգելող նշաններ: Հանձնարարվել է շարունակել այս ուղղությամբ հսկողությունն ու տարվող աշխատանքները: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքաշինության ոլորտում  նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 13 դեպք, որոնց մասով ձեռնարկվել են համապատասխան քայլեր։ Հանձնարարվել է լինել առավել հետևողական և շարունակել ուժեղացված հսկողությունը, որպեսզի բացառվի ապօրինության ցանկացած փորձ:

Խորհրդակցությանը զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքի փողոցներում, բակերում, զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման տարածքներում շարունավում են տեղադրված գույքի վերանորոգման և անհրաժեշտության դեպքում դրանք նորերով փոխարինման աշխատանքները։ Քաղաքապետարանի ընթացիկ տարվա ծրագրով էլ շարունակվում են բնակելի շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների  վերանորոգման ու ներկման, բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման, ինչպես նաև  փողոցների, մայթերի և բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի փոսանորոգման աշխատանքները։ Հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել աշխատանքների կատարման ժամկետների ու որակի նկատմամբ հսկողությունը:

Մայրաքաղաքում շարունակվող կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների վերաբերյալ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վարչական բոլոր շրջանների այգիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում տարվում են կանաչապատման,  ծաղկապատման,  ընթացիկ բարեկարգման և ոռոգման աշխատանքներ: Հանձնարարվել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ հատուկ ուշադրության կենտրոնում պահել Դեմիրճյան փողոցի, Մոնթե Մելքոնյան-Իսակով և Մյասնիկյան պողոտայի ուղետարների, Խանջյան փողոցի, Մարզահամերգային համալիրի հարակից հատվածի և Ծիծեռնակաբերդի խճուղու կանաչ տարածքների խնամքը՝ ապահովելով անխափան ոռոգում: