Ազգային ժողովը, կառավարությունն ու գործատուները քննարկեցին համայնքների համաչափ զարգացման հնարավորություններն ու այնտեղ առկա խնդիրները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» եռակողմ հանդիպումը նախաձեռնել էր Հայաստանի գործատուների հանրապետական միությունը: Քննարկումը վարող ԱԺ փոխնախագահՏնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Միքայել Մելքումյանը նշեց, որ Կառավարությունում արդեն մեկնարկել են 2019 թ. բյուջեի կազմման քննարկումները, և պետք է մեծ ուշադրություն դարձնել համայնքների համաչափ զարգացման հարցերին:

 «Գյուղը պետք է լինի գրավիչ, որտեղ պետք է գործեն և՛ մշակույթի ակումբը, և՛ ամբուլատորիան, միջհամայնքային ճանապարհները լինեն նորմալ վիճակում, մյուս ենթակառուցվածքները նույնպես գործեն: Չենք կարող հատկապես սահմանամերձ բնակավայրերում բնակիչներ կորցնել»,-ասաց Մելքումյանը:  

 Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը համայնքների զարգացման խնդիրների 20 կետ առանձնացրեց, որոնցից առաջինը վերաբերում էր ընտրություններին:

 «Համայնքների խնդիրները գալիս են ընտրություններից. առաջնայինը կուսակցական շահն է, և քանի որ իշխանություններն այնպիսի մոդել են ստեղծել, որ համայնքի ղեկավարներն առանց հոգսերի ձգտել են դոտացիաներ ստանալ, որ հասնում են 80%-ի, ունեցել են ուռճացված ծախսեր և ոչ թե սեփական բյուջեն են ձևավորել»,- նշեց Մակարյանը: 

Գագիկ Մակարյանի խոսքով` համայնքներում նաև աշխատանքի ներգրավվածության խնդիր կա, որի պատճառով ամեն տարի շուրջ 30 000 բնակիչ մեկնում է արտագնա աշխատանքի:

 «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ այլևս պետք չէ ուշացնել համայքների հարցում ու պետք է ոչ ստանդարտ լուծումների դիմել: պատգամավորի խոսքով` մարզերի՝ Երևանից այսքան ետ ընկնելը լուրջ խնդիր է:

 «Պետք է համարձակ քայլերի գնանք: Պետք է 1000-ից պակաս բնակիչներ ունեցող գյուղերին լուրջ հարկային արտոնություն տանք և չվախենանք դրանից: Անընդհատ մտավախություն ենք ունեցել, որ դա չարաշահումների տեղիք կտա, բայց պետք չէ մտահոգվել: Ռիսկային քայլեր պետք է անել»,- ասաց Բագրատյանը:

 Նա նշեց նաև, որ պետք է զբոսաշրջիկներին ուղղորդել դեպի գյուղեր` հայկական մշակույթին ծանոթանալու, իսկ քաղաքացիներին` այնտեղ ապրելու: Այսպես կլուծվի նաև քաղաքների բեռնաթափման հարցը:

«Եթե մի փոքրիկ մարզում 600-ից ավելի եկեղեցիներ ունենք, պետք է ավանդույթների կուլտուրան դրվի տուրիզմի մեջ, և լեգենդները, որ ունենք, մշակութային ձևակերպում ստանան: Պետք է բանաձև մշակենք՝ «Քայլ դեպի գյուղ»: Եթե գեղեցիկ մշակույթ ձևակերպենք, քաղաքաբնակները կցանկանան քաղաքի չարքաշ կյանքից ազատվել, գնալ գյուղ և ապրել»,-նշեց Բագրատյանը:

ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն առաջարկում է առաջին հերթին գյուղացիների համար նյութական ու ոչ նյութական անհրաժեշտ պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք չանիծեն այն օրը, երբ մարզկենտրոնում կամ քաղաքում չեն ծնվել:

«Վայոց ձորի համայնքներում մի կին մոտեցավ ինձ ու ասաց. «Անիծվեր այն օրը, որ ես այդ գյուղում ծնվեցի»: Սա ամենամեծ պրոբլեմն է մեզ համար, երբ մարդն ասում է՝ բախտս չբերեց, որ գոնե մարզկենտրոնում ծնվեի: Ինչ-որ մեկի բախտն էլ չի բերել, որ Երևանում չի ծնվել»,- ասաց Հարությունյանը:  

Հանդիպման ավարտին Միքայել Մելքումյանը նշեց, որ քննարկված բոլոր հարցերը մաս-մաս կփորձեն բարձրացնել ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովներում, իսկ հաջորդ քննարկման թեման կլինի արդյունաբերությունը: ԱԺ փոխնախագահի խոսքով` նմանատիպ հանդիպումները թույլ կտան ակտիվացնել ԱԺ-Կառավարություն-Հասարակական կազմակերպություններ համագործակցությունը: