Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ որոշվել է, որ Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է դերասան Հայկ Մարությանը։

Կուսակցության այսպիսի որոշումը չէր կարող անարձագանք մնալ հանրության կողմից։ Նախքան այս որոշումն էլ հանրությունն ակտիվ քննարկում էր դերասան Հայկ Մարությանի՝ քաղաքապետ լինելու հարցը։ Որոշները պնդում են, որ Կարգին Հայկոն, դուրս գալով ժողովրդի միջից և լինելով քաղաքացիական ակտիվիստ՝ կարող է մայրաքաղաքը դարձնել բոլոր երևանցիների երազանքների քաղաքը, որոշներն էլ պարզապես չեն ցանկանում կորցնել սիրելի կատակերգական դերասանին։

 

Դեռևս 2013 թվականին քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ «Կարգին Հայկոն» ավելի մեծ շանսեր ունի իր շուրջ միավորելու հասարակությանը, քան որոշ քաղաքական գործիչներ: Քաղաքագետի այս խոսքը փոքր-ինչ զավեշտալի է հնչել նախկինում, սակայն այսօր, կարծես, իրողությունն իսկապես փոխվել է, և Հայկ Մարությանի՝ քաղաքապետ դառնալու փաստն այլևս ծիծաղ չի կարող առաջացնել։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Գագիկ Համբարյանը նշեց, որ ՀՀ-ում նախկին բոլոր ընտրությունները եղել են անձնավորված, սակայն Հայկ Մարությանից ակնկալիքներն այլ են.  

«Այժմ կարևոր է, որ Հայկը հանդես գա կոնկրետ թիմով։ Նախկինում մենք չենք գնահատել թիմը, մենք գնահատել ենք անձը։ Այժմ քաղաքապետի թեկնածուի հետ կապված փաստեր են պետք, որ տվյալ անձը պրոֆեսիոնալ չէ և չի կարող ղեկավարել։ Նախկինում էլ նախագահները պորֆեսիոնալներով թիմը չեն համալրել։ Եթե անգամ եղել են պրոֆեսիոնալներ, իրենց գործելաոճով նրանց դարձրել են տարրական կամակատարներ։ Ոչ ոք ոչ նախագահ է ծնվում, ոչ էլ վարչապետ։ Օրինակ, Սյունիքի մարզի հեռավոր գյուղերից մեկում ծնված Սերժ Սարգսյանը մտածե՞լ էր, որ մի օր կդառնա ՀՀ նախագահ, կամ կիսագրագետ Մանվել Գրիգորյանը, որն ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ «կռազի շոֆեր էր» մտածու՞մ էր գեներալ դառնալու մասին։ Մենք Հայկին գիտենք դերասան, այնուհետև ակտիվ քաղաքական ակտիվիստ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը փորձում է քայլ ձիով կատարել և Հայկոյին ներկայացնել իր քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցիչ»,-ասաց Համբարյանը։ 

 

Անդրադառնալով ավագանու ընտրություններին՝ քաղաքագետը նշեց, որ չի կարծում թե 50 +1 ձայն որևէ քաղաքական ուժ կստանա։ Իսկ ՔՊ-ի վերաբերյալ նշեց, որ կուսակցությունում կադրերի սով է և Ալեն Սիմոնյան-Հայկ Մարությանի միջեւ ընտրություն կատարելիս հաշվի են առել Հայկ Մարությանի մեդիա դեմք լինելու փաստը, որը կարող էր ավելի շատ ձայներ բերել։

«Մենք գտնվում ենք հետհեղափոխական էյֆորիկ շրջանում, որը ավագանու ընտրությունների վրա մեծ ազդեցություն կունենա։ Եթե Հայկ Մարությանն ընտրվի, ապա շատ բարդ ժամանակ է նրան սպասվում, որովհետև էյֆորիան անցնելուց հետո հասարակությունը սառը դատողությամբ կսկսի պահանջներ ներկայցնել Նիկոլ Փաշինյանից։ Ինչպես Հին Հռոմում են ասում՝ «Хлеба и зрелищ», այսինքն հաց և հանդեսներ։ Մեզ այս իշխանությունները ապահովում են հանդեսներով։ Սպասենք՝ հացը երբ կլինի»,-հավելեց Համբարյանը։ 

Քաղաքագետը նաև նկատեց, որ պետք չէ ժամանակից շուտ կանխատեսումներ անել, իսկ եթե քաղաքապետը չարդարացնի հասարակության սպասելիքները, կարելի է եվրոպական երկրների օրինակին հետևելով՝ չսպասել 4 տարի և նրան փոխարինող գտնել։

 

Արմինե Արմենակյան