Ընթացիկ տարվա վեց ամսում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10.2 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:

Այս են վկայում Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները: 2018 թվականի հունվար-հունիսին Հայաստան է ժամանել 685 հազար 971 զբոսաշրջիկ՝ 2017-ի հունվար-հունիսի 622 հազար 381 զբոսաշրջիկի փոխարեն: Այս նույն ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 610 հազար 950 զբոսաշրջիկ, ինչը 7.1 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: