Երեկ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասով, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի: Խոսքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Լավրովը նշել է, որ Մոսկվան՝ որպես դաշնակից, շահագրգռված է Հայաստանի պետականության կայունությամբ և ԱՊՀ այն կառույցների աշխատանքով, որի անդամ է Հայաստանը:

 

Այս հայտարարությունը մտահոգության ալիք բարձրացրեց, քանի որ առաջին հայացքից նկատելի էր անվստահության դրսևորում նոր իշխանության նկատմամբ և Ռուսաստանի կողմից Լավրովի շուրթերով միջամտում Հայաստանի ներքին գործերին։

 

 

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նշեց, որ չի կարծում, թե այդ ելույթում կար ներքին գործերին միջամտություն։

«Լավրովի հայտարարությունը պետք է ընդունել ի գիտություն, և շարունակել խորացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ։ Ռուսական էքսպերտները փորձում են լարել, հարաբերություններում ինչ-որ մութ անկյուններ գտնել, սակայն իրականում այդպես չէ։ Կա որոշակի մտահոգություն, որը մեզ հետ կիսում է ռուսական կողմը հանդիպումների և հանրային հայտարարությունների ժամանակ։ Պետք է մեր ռազմավարական դաշնակցին բացատրել իրավիճակը, ներկայացնել այն, ինչ կատարվում է Հայաստանում, որպեսզի որևէ խնդիր չլինի»,-ասաց Սարգսյանը։

Միջազգայնագետը նկատեց, որ Հայաստանի բոլոր գործողությունները պետք է շարունակվեն այն տրամաբանության մեջ, որի մասին նոր կառավարությունը հայտարարել է։ Այսինքն՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, և այդ ուղղությամբ աշխատանքները պետք է հստակ շարունակվեն։

Մեր դիտարկմանը, թե հայ-ռուսական հարաբերությունների մեջ հնարավո՞ր է սեպ խրվի և անվստահության մթնոլորտը տարածվի, Սարգսյանը բացասական պատասխան տվեց։

 

«Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, որքան էլ դա հակառակորդներին դուր չգա։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի պատրաստվում որևէ տեղ գնալ ՀԱՊԿ-ից, քանի որ դա անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասն է։ Այն բոլոր խնդիրները, որոնք ծագում են, ունենալու են աշխատանքային քննարկումների ընթացքում լուծվելու հնարավորություն»,-հավելեց Սարգսյանը 

Արմինե Արմենակյան