ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թե՛ առողջապես, թե հոգեպես շատ լավ է իրեն զգում։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Իր հարցազրույցից տեսած կլինեք, որ շատ լավ մարզավիճակում է»,-ասաց Սողոմոնյանը։

 

Հարցին՝ արդյոք վերջին իրադարձություններով սկսվեց Քոչարյանի քաղաքական քարոզարշավը՝ Սողոմոնյանը բազմանաշանակ պատասխան տվեց․

«Կարծում եմ՝ հիմա այն ժամանակն է, որ հասարակությունը  կարող է ճիշտ եզրակացություններ անել։ Նա դրա համար բոլոր հիմքերն ունի»։

Մեր դիտարկմանը, որ նախորդ իշխանությունը զարմանալիորեն իր աջակցությունն է ցուցաբերում Ռոբերտ Քոչարյանին՝ հաշվի առնելով նախկինում Ռոբերտ Քոչարյանի եթե ոչ բացասական, ապա չեզոք վերաբերմունքը նրանց նկատմամբ՝ Սողոմոնյանը նկատեց.

«Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ակնհայտ ապօրինի և հակասահմանադրական է։ Չեմ կարծում, որ դատապարտելու կամ այդ երևույթի դեմ պայքարելու մեջ պետք է քաղաքական ուժերը հուշերի մեջ ընկնեն՝ թե ով ում հետ ինչ հարաբերությունների մեջ է եղել։ Եթե սա այսպես շարունակվի, ես էլի եմ նշել՝ մենք կվերադառնանք 37 թվական, ինչը, կարծում եմ՝ ոչ ոք չի ուզի»,-հավելեց Սողոմոնյանը։

Նա նկատեց, որ Երկրորդ նախագահի կալանավորումից անցել է ընդամենը 4 օր և առաջիկա իրենց անելիքների մասին նա և Քոչարյանի փաստաբանները դեռ կներկայացնեն։