Յուրի Խաչատուրովի Մոսկվա մեկնելու և ՀԱՊԿ իր աշխատանքային պարտականություններին վերադառնալու հետ կապված երկրորդ միջնորդությունն է ներկայացվել ՀՔԾ։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։

ՀՔԾ-ի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ԼՈւՐԵՐ․com-ին հայտնեց, որ խափանման միջոց գրավը արգելք չէ Յուրի Խաչատուրովի՝ Հայաստանից մեկնելու համար։  

 

Փաստաբան Պողոսյանը նշեց, որ միջնորդություն են ներկայացրել՝ նախատեսելով Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսած բացասական հետևանքը։

«Կարող է մեկնել և թույլատրվում է մեկնել՝ տարբեր բաներ են։ Առանց թույլատվության երկրից մեկնելու դեպքում դատախազը կարող է դիմել դատարան՝ գրավի գումարը պետականցնելու միջնորդությամբ։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հետագա շահարկումներից խոսափելու, մեր պատշաճ վարքագիծը մեկ անգամ ևս ապահովելու նպատակով մենք միջնորդել էինք այդ թույլտվությունը ստանալու համար, որպեսզի հետագայում չշահարկվի, որ առանց թույլտվության է Յուրի Խաչատուրովը մեկնել ՀՀ-ից։ Պատճառն է նաև, որ դատախազը իր գործառույթը  չիրականացի և դա նաև չվերագրվի որպես խափանման միջոցի խախտում»,-ասաց Պողոսյանը։

Նա նշեց, որ մինչ այս պահը դիմումի պատասխանը չունեն։

«Մեր միջնորդության մեջ այդ մասին անդրադարձել ենք, որ հաշվի առնելով, որ  Քրեական դատավարության օրենսգիրքը որևէ պարատականություն չի սահմանում՝ ընդամենը բացասական հետևանքներից խուսափելու համար մենք հայցում ենք վարույթ իրականցնող մարմնի թույլտվությունը։ Միջնորդությունը Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անհապաղ ենթակա է քննարկման։ Մենք սպասում ենք ՀՔԾ-ի պատասխանին և ըստ դրա՝ մեր առաջիկա քայլերի մասին կմտածենք»,-հավելեց փաստաբանը։