Երեկ ԲՀԿ կուսակցության անդամ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը սկանդալային հայտարարություն էր արել և ասել, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածուների կազմը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը չի տիրապետում Երևանի քաղաքային տնտեսության խնդիրներին։

Նրա այս բավականին կոշտ հայտարարությունից հետո հարց է առաջանում՝ հնարավո՞ր է պատգամավորը վայր դնի իր մանդատը։

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Գևորգ Պետրոսյանը նկատեց՝ «Մանդատը ժողովրդի վստահությունն է, որը տրվում է անձին՝ ժողովրդի շահերը ԱԺ-ում ներկայացնելու համար։ Եթե ժողովուրդը իմ գործողությունների հանդեպ արտահայտի անվստահություն, իհարկե, վայր կդնեմ մանդատս։ Եթե մենք ապրում ենք մի երկրում, որտեղ պատգամավորը կարծիք հայտնելու համար պետք է մանդատը վայր դնի, ուրեմն Սահմանադրության առաջին հոդվածը հեքիաթ է»։

Մենք նկատեցինք, որ Պետրոսյանն ինքն է հայտարարության մեջ նշել, թե «անելիք չունի այն թիմում, որի առանցքը Նաիրա Զոհրաբյանն է», ինչին ի պատասխան՝ Պետրոսյանն ասաց. «Ես անելիք չունեմ Երևանի ավագանու քարոզարշավում։ Միևնույն ժամանակ, չեմ վնասի, գեղեցիկ չէ։ Նա իմ աշխատանքային ընկերն է, բայց աջակցող ոչինչ չեմ անի»։

Օրեր առաջ, ըստ մամուլի հրապարաումների, չհամաձայնեցված խոսքի պատճառով ստիպված իր մանդատը վայր դրեց այս դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Վարդան Բոստանջյանը: Մեր հարցին՝ հնարավո՞ր է ինքն էլ ստիպված լինի վայր դնել մանդատը, Պետրոսյանը պատասխանեց․ «Ստիպված ոչինչ չեմ անում»։