Նոր իշխանությունները դեռևս նոր - նոր են ամփոփում իրենց կառավարման 100-րդ օրը, բայց արդեն հասցրել են բախվել լրջագույն խնդիրների և վրիպել: Մասնավորապես, եթե իրավական դաշտում բացահայտումների առումով հաջողություններ են գրանցում, նույնը չենք կարող ասել տնտեսական ոլորտում:

Թերևս Լարսի անցակետը Հայաստանի տնտեսության համար էական նշանակություն ունի և յուրաքանչյուր խափանում մեծ ճեղքվածք կարող է առաջացնել:

 

Այս է խնդիրը, որ ուշի ուշով մարդիկ հետևում են, թե ինչ վիճակում է այս պահին Լարսը:

Ռուսական կողմի կամայական վերաբերմունքից ելնելով արդեն երկրորդ օրն է, ինչ անցակետում կուտակումներ են: Նկատենք, որ սա այս իշխանությունների շրջանում արդեն երկրորդ դեպքն է, երբ առանց հիմնավոր պատճառի կուտակումներ են առաջանում:

Այս խնդիրը, բնականաբար, մեկ փոխնախարարի լուծելու հարց չէ և չի կարելի ասել նաև, որ ստեղծված իրավիճակը տեխնիկական սխալմունք է և ամեն պահ կարող է լուծում ստանալ: Խնդրի արմատներն իրականում բավականին խորն են և խոսում են միայն Ռուսաստանի հետ ձախողված դիվանագիտական հարաբերությունների մասին:

Այս պարագայում ծիծաղ է առաջացնում փոխնախարարի առաջարկած երկընտրանքը.«Խնդրում եմ, խուսափեք այդ ճանապարհով Հայաստան ժամանելու տարբերակից, քանի որ երկար պետք է կանգնեք հերթի մեջ»: Հետաքրքիր է, ի՞նչ է առաջարկում պաշտոնյան՝ մինչև Բաթումի լողալով գան, հետո ոտքով՝ Հայաստա՞ն:

Մեր երկրում իշխող քաղաքական թիմը վերջապես պետք է պատասխանատվություն ստանձնի և վերականգնի ՌԴ-ի կողմից՝ դիվանագիտական հարաբերությունների ձախողման պատճառով հիմք դրված սաբոտաժին, իսկ այդ հարցին լուծում տալու համար, նախ պետք է սկսել սկզբից՝ ում ուղարկել ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, որպեսզի չփոշիացնի մեծ դժվարությամբ ձեռք բերված հարաբերությունները: