ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 7-ին կայացել է աշխատանքային խորհրդակցություն «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատկանող աղբամանների հաճախակի դարձած հրդեհների և դրանք ոչ ճիշտ տեղակայման վայրերում տեղադրելու հետևանքով քաղաքացիներին պատճառված վնասների հետ կապված խնդիրները լուծելու վերաբերյալ, որը վարել է ԱԻ փոխնախարար Արամ Թանքարյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարչարությունից, խորհրդակցությանը մասնակցել են «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը, Երևւանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Սանիթեք» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքում տեղադրված աղբամանների և աղբահանության գործընթացի հետ կապված խնդիրները. մասնավորապես՝ աղբամաններում հրդեհների բռնկման դեպքերի կտրուկ աճն ու նմանատիպ հրդեհների վերացման հնարավոր մեխանիզմներն ու ճանապարհները:

ԱԻ փոխնախարար Թանքարյանը նշել է, որ 2015թ.-ից ի վեր, որի ընթացքում եղել է աղբամաններում հրդեհների բռնկման 42 դեպք, աղբամաններում հրդեհների բռնկման կտրուկ աճ է գրանցվել. «2016թ.-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում գրանցվել է 52 դեպք, 2017-ին՝ արձանագրված դեպքերի քանակը կտրուկ աճել է մինչև 426, իսկ 2018.-ի առաջին կիսամյակում արդեն արձանագրել ենք աղբամաններում հրդեհների բռնկման 252 դեպք»,- ներկայացրել է փոխնախարարը:

Շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկելով Երևան քաղաքում աղբահանության և աղբամանների հրդեհային անվտանգության խնդիրները՝ ԱԻ փոխնախարարը շեշտել է, որ պետք է իրականացվի քաղաքում աղբամանների տեղադրման հստակ քարտեզագրում, որում կարտացոլվի նաև համապատասխանությունը հրդեհային անվտանգության և բնապահպանական պահանջներին ու չափանիշներին: Քննարկվել է նաև բնակչության հետ տեղեկատվական և ուսուցողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը, քանի որ աղբամաններում հրդեհների բռնկման հիմնական պատճառներից է անփութությունը, մասնավորապես՝ ծխախոտի մնացորդների նետումը:

«Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը, շնորհակալություն հայտնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն ու Ոստիկանությանն արագ արձագանքման կազմակերպման համար՝ պատրաստակամություն է հայտնել իրականացնել խնդիրների լուծմանը միտված ծրագրային բարեփոխումներ՝ խոստանալով, որ ընկերությունը տասնօրյա ժամկետում կմշակի և շահագրգիռ գերատեսչությունների աշխատանքային խմբին կներկայացնի բարձրացված խնդիրների լուծմանը միտված ծրագրային փաթեթ: