Առնվազն 131 մարդ է զոհվել Ինդոնեզիայի Լոմբոկ կղզու շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին օգոստոսի 8-ին հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվել էր 105 զոհվածների մասին:

Գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ, ինդոնեզական իշխանությունների տվյալներով, ավելի քան 150 հազար բնակիչներ տարերքի հարվածի պատճառով հարկադրված են եղել լքել իրենց տները: Ավելի վաղ Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման գործակալությունում հայտնել են, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան է մնացել 70 հազար մարդ, ավերվել են տասնյակ հազարավոր տներ: Բացի այդ, 236 բնակիչներ լուրջ վնասվածքներ են ստացել:

Ելույթ ունենալով բրիֆինգում՝ այդ գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, եւ տարերքի հետեւանքով զոհվածների ու տուժածների թվաքանակը կարող է աճել:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվությամբ՝ օգոստոսի 5-ին Լոմբոկ կղզում տեղի է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում էր Մատարամ քաղաքից (319 հազար բնակիչ) 49 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը 10 կմ խորության վրա էր: Իշխանությունները նախազգուշացրել էին ցունամիի սպառնալիքի մասին, որը օգոստոսի 6-ին հանվել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: