Այսօր կառավարության նիստում քննարկվեց բանտային առողջապահության ոլորտի բարեփոխումները։ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ Երևանում 500 մահճակալներ և ավելին ունեցող բժշկական հաստատությունները պետք է ունենան հատուկ բաժանմունք ազատազրկվածների համար։

«Երևան քաղաքում 500 և ավելի մահճակալաներ ունեցող բժշկական հաստատություններում լիցենզավորման պայմանների մեջ ավելացնել պայման, ըստ որի նրանք պետք է ունենան հատուկ բաժանմունք՝ նախատեսված ազատազրկված անձնաց համար, որպեսզի անհրաժեշտ բժշկական ցուցումների առկայության պայմաններում պահման պայմանների բացակայությունը խոչընդոտ չլինի նրանց առողջությաւն իրավունքը ապահովելու համար։ Նաև մարզերում 100 և ավելի մահճակալ ունեցող հիվանդանոցներում ևս նախատեսվի նման բաժանմունքներ։ Մենք կբարելավենք այս ոլորտը»,-ասաց Զեյնալյանը։

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվեց՝ սա նշանակում է, որ ապագայում մենք չենք ունենալո՞ւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

«Օբյեկտիվորեն չենք կարող չունենալ այդպիսի հիվանդանոց, թեթև հիվանդությունների դեպքում մեզ համար ավելի նպաստավոր կլինի, որ մենք ունենանք այսպիսի հիվանդանոց: Նեղ մասնագիտացված, բարձր որակավորում պահանջող սպասարկումը կիրականացնենք 500 եւ ավելի մահճակալ ունեցող բժշկական հաստատություններում, իսկ ավելի թեթև հսկողության կարիք ունեցող հիվանդների համար կունենանք առնվազն 2 այսպիսի հիվանդանոց։ Մեկը նախատեսում ենք փոխարինել ներկայիս կենտրոնական հիվանդանոցը մոտ 100 մահճակալ ունեցող կենտրոնով, երկրորդ, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում էլ կունենանք փակ ռեժիմի համար նախատեսված հիվանդների համար կենտրոն»,- պատասխանեց Արտակ Զեյնալյանը:

500 և ավելի մահճակալ ունեցող 4 հիվանդանոց կա մայրաքաղաքում՝ «Ուռուցքաբանության ազգային կենտրոն», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կենտրոնները:

Կառավարության անդամները միաձայն կողմ քվեարկեցին որոշմանը։