ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վերջին զարգացումներին: Լրագրողները հարց հնչեցրին, թե Ռոբերտ Քոչարյանը պնդում է իր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու մասին:

«Ես կարծում եմ, որ ճիշտ չէ այս թեմայով որևէ մեկնաբանություն անեմ, որովհետև ցանկացած մեկնաբանություն կարող է դիտվել որպես միջամտություն, ազդեցություն գործի վրա: Ես կարծում եմ, որ դուք բոլորդ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի այդ հարցի պատասխանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև լրագրողների այն դիտարկումներին, թե ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ՀՀ նոր իշխանությունները շեղվել են խոստումներից:

«Գիտեք, կարծում եմ, որ սա այլ իրավիճակ է, բոլորս պետք է այս իրավիճակին ադապտացվենք, այդ թվում՝ մեր ռուս գործընկերները, այնպես որ ամեն ինչ նորմալ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե արդյոք սպասվող հանրահավաքը կապ ունի ՌԴ ԱԳ նախարարի հայտարարության հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այն կապված է իր աշխատանքային 100-օրվա հետ: