«Լիդիան Արմենիա» ընկերության մոտ 200 աշխատակից և Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի առաջ։
Ցուցարարները վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են տալ իրենց հետաքրքրող միակ հարցի պատասխանը` ե՞րբ են նրանք սկսելու աշխատել։ Բանն այն է, որ Ամուլսար տանող ճանապարհը 53 օր է, ինչ փակել են բնապահպանները։ Նրանք պնդում են, որ Ջերմուկից 13 կմ–ի վրա գտնվող հանքի շահագործումը միայն այդ շրջանի համար չէ, որ վտանգավոր է։ «Լիդիան» ընկերության աշխատակիցները ճանապարհի արգելափակման պատճառով չեն կարողանում աշխատանքի հասնել։ Տպավորություն է, որ «Լիդիանի» համբերության բաժակը լցվել է և ընկերությունն անցել է նոր կառավարության թերևս ամենասիրած մարտավարությանը՝ փողոցային ակցիաների կազմակերպմանը: Կասկածից վեր է, որ այս անգամ ընկերության տնօրինության և աշխատակիցների բողոքելու ցանկությունը ամբողջովին համընկնում է:
Մինչ այս պահը իրավիճակը հետևյալն է՝ Ջերմուկ կատարած այցից հետո վարչապետ Փաշինյանը ժամանակ է խնդրել, Լիդիանը՝ փող, անցնելով բացահայտ սպառնալիքների: Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը անգամ հայտարարել է, որ եթե իրենց ընկերության ծրագիրը չստացվի, ապա այլ ներդրողներ չեն գա Հայաստան:
Մնում է սպասել հասկանալու համար, թե ինչպիսի՞ քայլերի կգնա Փաշինյանի կառավարությունը՝ արդյո՞ք կկանգնի Հայաստանի բնությունը քանդող ընկերության կողքին, թե՞ կկարևորվի իրենց իշխանության բերած ժողովրդի արդարացի պահանջը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ կառավարությունը ամեն դեպքում ցանկանում է լուծարել «Լիդիան Արմենիայի» հետ կնքված պայմանագիրը: Պարզ է, որ Ամուլսարի շահագործման դեմ պայքարողների ճնշող մեծամասնությունն անկեղծ է իր մղումներում: Պարզ է նաև, որ եթե մասնագիտական ապացույցներ ներկայացվեն, որ հանքի շահագործումը վնասելու է Ջերմուկին, տարածքի ջրային ռեսուրսներին ու Սևանա լճին, ապա հանքի շահագործումը պետք է թույլ չտալ: Բայց եթե պարզվի, որ մտահոգություններն անհիմն են, ապա հանքի շահագործում թույլ չտալը կլինի ապօրինություն և կհարվածի Հայաստանի տնտեսությանը, բիզնես դաշտին ու ներդրումային միջավայրին:
Միևնույն ժամանակ՝ Լիդիանը արդեն հայտարարել է, որ նման սցենարի պարագայում իրենք կդիմեն Լոնդոնի արբիտրաժային դատարան և 2 մլրդ դոլար հատուցում կպահանջեն: Այս դեպքում ի՞նչ պետք է անի նոր կառավարությունը՝ ոչինչ, քանի որ նախորդ կառավարության կողմից Լիդիանին Հայաստանի տարածքում 50 տարով մոնոպոլ գործունեություն ծավալելու իրավունք է շնորհվել:
Ինչպիսին էլ լինի Փաշինյանի կառավարության որոշումը, այն պետք է մինիմալի հասցնի Ամուլսարում բնապահպանական պայքարը հակահեղափոխական պայքարի վերածելու հավանականությունը: Հայաստանի ընդերքի թալանման տասնամյակների ընթացքում հանքավայրերից որևէ մեկի դեմ բողոքի ակցիաներ չեն կազմակերպվել ու ճանապարհներ չեն փակվել։ Ինչո՞ւ։ Այս հարցադրումն արդեն ներքին քաղաքական, գուցե հակահեղափոխական շերտեր ունեցող հարցադրում է, որն առանձին քննարկման նյութ է։ Սակայն, այդ հարցադրումը միանգամայն հիմնավոր է դարձնում սաբոտաժի վարկածը, ինչն ակնարկեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հայտնի տեսաուղերձում։
Ստելլա Խաչատրյան