ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ - Գյումրի հատվածներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, այստեղ շինարարությունն իրականացնում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։ Բազմիցս քննարկվել են այս հատվածներում շինաշխատանքների անբավարար արագության ու աշխատանքի ոչ պատշաճ փաստաթղթավորման խնդիրները։ Դրանք լուծելու նպատակով վերջին շրջանում ընկերությունում համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան, սակայն իրավիճակն ամբողջությամբ չի շտկվել։ Նախարարը ընկերության գրասենյակում հանդիպում է ունեցել շինարարության պատասխանատուների և որակի վերահսկողություն իրականացնող ընկերության ինժեներական թիմի հետ։

 

Նախորդ հանդիպումների ընթացքում կապալառու ընկերության առաջարկով որոշում էր կայացվել աշխատանքների առաջընթացն ապահովելու նպատակով որոշակի թեստերի և աշխատանքի մեթոդաբանությունները փոփոխել, ինչն էլ ենթադրում է փաստաթղթերի փոփոխություն։


Նախարարը նկատեց, որ մինչ այժմ այդ խնդիրները լուծված չեն, և աշխատանքը դեռ ցանկալի արագություն չի հավաքել։ Հանդիպման ընթացքում նախարարը հորդորեց հնարավորինս զերծ մնալ անհարկի ձգձգումներից, առավելագույն ջանք գործադրել, անգամ երկրորդ հերթափոխով աշխատել, միայն թե աշխատանքի տեմպն արագանա և շինհրապարակում չաշխատող տեխնիկա չմնա։


Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ այդ գործընթացը չպետք է անդրադառնա շինարարության որակի վրա։ Բոլոր թեստերը, ստուգումները պետք է ժամանակին կատարված լինեն։ Աշոտ Հակոբյանը շինարարներին և որակի վերահսկողներին հորդորեց սերտ համագործակցել, ամեն մեծ ու փոքր հարցին արագ արձագանքել, քննարկել և ընդհանուր հայտարարի գալ։


Նախարարի խոսքով' «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ծրագիրն այսօր Հայաստանում ամենակարևորներից է, ուստի նախարարության բոլոր օղակներն, այդ թվում և ինքը, շուրջօրյա հասանելի են ցանկացած խնդիր քննարկելու ու արագ լուծում գտնելու համար։
Այցի ընթացքում Աշոտ Հակոբյանը գործնական քննարկում է ունեցել նաև Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն իրականացնող «Իզոլյուքս Կորսան» ընկերության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են շինարարության ընթացքի հետ կապված մի շարք հարցեր։