Այսօր առավոտյան տեղեկություն է ստացվել, որ քաղաքացիներից մեկը ահազանգել է «911» ծառայությանը, հայտնելով, պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը: Ահազանգը կեղծ էր, քաղաքացին էլ օնկոլոգիական խնդիրներ ուներ, սակայն անտեսվել էր և որոշել իր բողոքը նախարարության գործելաորճից հասցնել այդ կերպ: Որևէ կերպ չարդարացնելով քաղաքացու այս քայլը, միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հեղափոխական թիմը պարզապես իրավունք չունի որդեգրել մի աշխատելաոճ, որի դեպքում քաղաքացիների խնդիրների լուծման միակ տարբերակը մնում է ԻԼԻՊ-ի գրոհայիններին վայել քայլեր ձեռնարկելը: Ընդ որում, հատկանշանական է նաև ընտրված թիրախը՝ Առողջապահության նախարարությունը: Գաղտնիք չէ, որ նախարար Թորոսյանը պաշտոնը ստանձնելուն պես ձեռնամուխ եղավ… սկանդալների մեջ թաթախվելուն, ոլորտի խնդիրների լուծումը թերևս թողնելով ավելի լավ ժամանակների համար:
Թորոսյանը անչափ զբաղված է ԲԿ-ի տնօրեններին տեռորի ենթարկելով, կոռուպցիայի դեմ կատաղի պայքարով, ինչ-ինչ սաբոտաժներ հրահրողներին ջրի երես հանելով, և ծխախոտի դեմ անհաշտ պայքարով ՝ ինչի համար ի դեպ նրա թիմակիցները ժամանակին պարսավանքի խաչին գամեցին նախկին նախարար Լևոն Ալթունյանին:
Թորոսյանը անչափ կարևոր առաքելություն էլ ունի, մասնավորապես, կառավարության նիստերին սեփական ոլորտի դարդուցավը թողած՝ խոսել օրինակ գիշերային հրավառությունների մասին: Նախարարը այնքան զբաղված է, որ հարկ չի համարում արձագանքել մահացած նորածինների ծնողների նամակներին, էլ չենք խոսում այն մասին, որ նա վստահաբար տեղյակ էլ չէ, որ նույն օնկոլոգիական հիվանդությունների գծով Հայաստանը համաշխարհային լիդերների շարքում է՝ մեր երկրում յուրաքանչյուր 100 հազար բնակչից 230-ը մահանում է օնկոլոգիական հիվանդություններից: Եվ այս պարագայում ի՞նչ է մնում անել շարքային քաղաքացիներին, ովքեր հույս էին տածում, որ Նոր Հայաստանում իրենց և իրենց խնդիրների հանդեպ վերաբերմունքն էլ նոր կլինի: Այս անգամ բարեբախտաբար ահազանգը կեղծ էր, և հետայսու նման դեպքերի կրկնությունը կանխելու համար ցանկանալի է, որպեսզի նախարարությունը և, մասնավորապես, նախարար Թորոսյանը վերհիշի իր բուն պարտականությունների մասին: Հակառակ գործելաոճը ինքնին ռումբ է դրված Նոր Հայաստանի հիմքերում…