Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ պատրաստվում է առաջադրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Վանեցյանը կարծում է, որ իր ընտրվելու դեպքում բավական օգուտ կտա ֆուտբոլին: Պատասխանելով պայմանավորված խաղերի մասին հարցին՝ Վանեցյանն ասել է, որ պայմանավորված խաղերը բացառելու են:
 
Փաստորեն, արդեն իսկ փաստացի որոշված է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի հարցը: Չնայած նա անընդհատ ողջ ուժով փորձում էր դիմադրել նման հեռանկարին, սակայն, ըստ էության, այլևս անհնար է դիմադրել: Եթե Վանեցյանն ի վերջո փոխարինի Հայրապետյանին այդ պաշտոնում, ապա անչափ ուշագրավ իրավիճակ է ստեղծվելու, թերևս միայն այն պատճառով, որ հայկական ֆուտբոլը ներկայում բավական հետաքրքիր օլիգարխիկ մի ներկապնակ է, հատկապես եթե միայն ակումբի սեականատիրոջ կարգավիճակով այնտեղ հայտնվի նաեւ Ռուբեն Հայրապետյանը: Եվ խիստ խորհրդանշական է, որ այդ ամենի գլխին կանգնի ոչ այլ ոք, քան ԱԱԾ-ն: ԱԱԾ-ն ներկայում փաստացի ամեն ինչի գլխին է, ինչը մի կողմից լիովին օբյեկտիվ եւ համարժեք է Հայաստանում նախկին համակարգի բնույթի եւ թավշյա հեղափոխության արդյունքում դրա անկման, նոր իրողությունների պայմաններում, մյուս կողմից, իհարկե, առաջացնում է հարցեր, թե որքան ժամանակ է ամեն ինչի գլխին լինելու ԱԱԾ-ն:
 
Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձել էր ՀՖՖ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, հայտարարելով, որ ՀՖՖ-ն հասարակական կազմակերպություն է և հենց նա պետք է դառնա փոփոխությունների նախաձեռնողը: Վանեցյանի առաջադրումը ՀՖՖ նախագահի պաշտոնում որոշակի հակասություն է առաջացնում տեղի ունեցողի և Փաշինյանի հայտարարությունների միջև: Ստացվում է՝ ՀՖՖ-ում առկա ճգնաժամը նոր իշխանությունները պատրաստվում են հաղթահարել հենց Վանեցյանի միջոցով, և փոփոխությունները ՀՖՖ-ում նախաձեռնում է ոչ թե ասենք՝ գործկոմը, այլ իշխանությունները և եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանի մոտ մինչեւ վերջերս ՀՖՖ նախագահի 3 թեկնածուի անուն էր շրջանառվում, ապա Արթուր Վանեցյանի վրա կանգ առնելու որոշումը պայմանավորված է եղել հենց իշխանությանը մոտ լինելով: Մինչ այդ հիմնական հավակնորդները երեքն էին` Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Ալեն Պողոսյանը, ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը եւ հայտնի ֆուտբոլիստ Սուրի Ջորկաեւը: Սակայն վերջնական արդյունքում ընտրությունը կանգ կառնի հենց Վանեցյանի վրա: 
 
Չնայած, իսկապես հետաքրքիր կլինի հայրենի հատուկ ծառայության՝ ԱԱԾ տնօրենին տեսնել ՀՖՖ նախագահի պաշտոնում: Դրանից հետո, կարծում ենք, Հայաստանը թե՛ հավաքականների, թե՛ ակումբային ֆուտբոլի առումներով հաջողություններ կգրանցի: Այնպես որ, Չեմպիոնների լիգայի խմբային փուլում թիմ ունենանք, իսկ ազգային հավաքականն էլ առնվազն Եվրոպայի, լավ, ասենք, փոխչեմպիոն դառնա: Իսկ ինչո՞ւ ոչ: Թող ԱԱԾ տնօրենը դառնա ՀՖՖ նախագահ ու թող այդ ժամանակ ֆուտբոլիստները փորձեն վատ խաղալ: Հենց միայն այն բանի սարսափից, թե ԱԱԾ-ն ինչեր կարող է բացահայտել կամ հայտնաբերել նրանց նկուղներում, դիվահարի պես կվազվզեն դաշտում, իսկ գնդակին էլ ինչպես հարկն է՝ կհարվածեն: