Հայաստանում ռուսական ռազմաբազայի և Հայաստանի Զինված ուժերի տանկային ստորաբաժանումները տանկային մրցումների շրջանակներում «Ալագյազ» զորավարժարանում իրականացրել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկան ոչնչացնելու գործողություններ:

Ինչպես  տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մրցումների ընթացքում մարտական կրակի վարժանքների պայմաններով երկու երկրների տանկիստները Т-72Б տանկերի արկերով և խոշոր կալիբրի զենիթային գնդացիրներով խոցել և ոչնչացրել են տանկերի շարժի իմիտացիա ստեղծող շարժական թիրախները:

Մեխանիկ-վարորդները իրականացրել են տանկը վարելու վարժանքներ 7 կիլոմետր տարածության վրա՝ հաղթահարելով բոլոր հանդիպած խոչընդոտները:

Հարավային ռազմական օկրուգի և Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների համատեղ մրցումներն անցկացվում են երկկողմ փոխգործակցության, տանկային ստորաբաժանումների կողմից ժամանակակից մարտի, ցերեկը և գիշերը հարձակման, նահանջի և պաշտպանության հիմնական հարցերը կառավարման ավտոմատացված համակարգերի օգտագործմամբ յուրացնելու նպատակով:

Տանկային անձնակազմերի մրցումներին մասնակցել է շուրջ 100 զինծառայող, ներգրավվել է ավելի քան 50 միավոր սպառազինություն և ռազմական հատուկ տեխնիկա: