Օգոստոսի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանը և Արցախում հիմնադրամի գրասենյակի ղեկավար Էդվին Գրիգորյանը։

Ինչպես տեղեկացրին Արցախի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի արտաքին գործերի նախարարության և «Թուֆենկյան» հիմնադրամի միջև համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես, «Հայկական իրավական նախագծին» առնչվող հարցեր։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել վերջին 15 տարիներին «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործունեությունը՝ ընդգծելով հանրապետության տարածքների համաչափ զարգացմանն ու բնակեցմանն ուղղված ծրագրերի կարևորությունը։