ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանն այսօր գտնվում է Անկախության հռչակագրի ընդունման ժամանակ եղած բոլոր երազանքների իրագործման ճանապարհին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Նիկոլ Փաշինյանը նշեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ:

Նա շնորհավորեց ՀՀ քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ և նշեց. «Սիրելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման օրն է: 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հետագայում Հայաստանի անկախության, անկախ պետականության հաստատման հիմք հանդիսացավ:

 

Ես մեզ բոլորիս, հայ ժողովրդին շնորհավորում եմ այս պատմական իրադարձության կապակցությամբ և համոզված եմ, որ բոլոր այն երազանքները, որ մենք ունեինք հռչակագրի ընդունման պահին և ունենք այսօր, մենք անսասան գտնվում ենք բոլոր այդ երազանքների իրագործման ճանապարհին, և որևէ կասկած չկա, որ Հայաստանի Հանրապետությունը լինելու է հզոր, ազատ և երջանիկ»: