Հայաստանում իրականացված հեղափոխությունն իր 100-րդ օրում գտնվում է քաղաքական ուժերի դիրքային աճող և թեժացող պայքարի փուլում: Ամանաակտիվ քննարկվող հարցն էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քաղաքականություն վերադարձն է: Սակայն մենք այս պահին փորձենք վերլուծել այդ վերադարձի հավանականությունը, Քոչարյանի շանսերը, ինչպես նաև այն, թե հանրային ընկալում ունեցող որ քաղաքական ուժերը կամ անհատները կկարողանան ապահովել Քոչարյանի վերադարձը:
 
Շատ է խոսվում այն մասին, որ Քոչարյանն իր քաղաքականություն վերադարձի «կամուրջը» պատրաստվում է կառուցել իր վաղեմի դաշնակից Վարդան Օսկանյանի միջոցով: Այն, որ Օսկանյանն այսօր քաղաքական դաշտում գործոն չէ՝ ակնհայտ է, հետևաբար, դժվար է հավատալ, որ Քոչարյանը կընտրի վերադարձի հենց այդ տարբերակը:
 
Քաղաքական դաշտում առկա ուժերից այս պահին չկա այն ուժը, որի աջակցությունը Քոչարյանին՝ կլինի բացահայտ և բացարձակ: Այսպես՝ ՀՅԴ-ն սկզբնական շրջանում ակտիվորեն քննադատելով և իր անհամաձայնությունը հայտնելով Երկրորդ նախագահի կալանավորման մասով, այնուհետև Բյուրոյի ղեկավարի մակարդակով չբացառելով Քոչարյան-ՀՅԴ համագործակցությունը, դադարեց այդ հարցում քաղաքական ակտիվություն ցուցաբերել, թերևս գիտակցելով, որ այս պահին ՀՅԴ-ն կոալիցիոն ուժ է, իսկ այդ իրողությունը կարող է լուրջ հարցականի տակ հայտնվել, եթե ՀՅԴ-ն Քոչարյանի հետ համագործակցության որոշում կայացնի: Միևնույն ժամանակ, մեծագույն հարց է, թե ՀՅԴ աջակցությունը գործնականում ինչ կարող է տալ Քոչարյանին, այն պարագայում, երբ ՀՅԴ-ն ունի թերևս ամենացածր վարկանիշը իր պատմության 120 տարիների ընթացքում:
 
Քաղաքական մյուս ուժը՝ ԲՀԿ-ն, ի սկզբանե Քոչարյանի կալանավորման հարցը դիտարկել է բացառապես իրավական տիրույթում: Քոչարյանի վերաբերյալ քաղաքական գնահատական հնչեցրած Վարդան Բոստանջյանը, օրինակ, հրաժեշտ տվեց պատգամավորական աթոռին՝ հանձնելով մանդատը: Սա լուրջ մեսիջ է առ այն, որ ԲՀԿ-ն այս հարցում ունի հստակ դիրքորոշում և չի շտապում օգնության ձեռք մեկնել Երկրորդ նախագահին:
 
ՀՀԿ մասին, իբրև հանրային ընկալում ունեցող ուժի՝ խոսելն անգամ ավելորդ է: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ –ն Քոչարյանին աջակցող մի շարք հայտարարություններ է արել, ինչից կարելի է եզրակացնել, որ ՀՀԿ-ն ամեն դեպքում դեմ չէր լինի ռեաբիլիտացվել Քոչարյանի հաշվին՝ Հանրապետականի աջակցությունը Երկրորդ նախագահին ավելի շուտ «արջի ծառայություն» կլինի, հաշվի առնելով ՀՀԿ-ի զրոյական վարկանիշը:
 
Այս ամենը վերլուծելով, առաջանում է հարց՝ ո՞ր ուժերի օգնությամբ պետք է իրականություն դառնա Քոչարյանի վերադարձը:  Այս պահին այդ ուժերը տեսանելի չեն, տեսանելի չեն նաև այն նախադրյալները, որոնց շնորհիվ Քոչարյանին կհաջողվի մեկնարկային բավական թույլ դիրքերով մոտ ապագայում քիչ թե շատ լուրջ խաղացողների իր շուրջ համախմբել, իսկ դա նշանակում է, որ վերադարձի պարագայում Քոչարյանը բախվելու է անչափ լուրջ գլուխկոտրուկի՝ հիմնական շեշտը դնելով ոչ թե իր կողմից կատարված աշխատանքի, այլ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի սայթաքումների վրա: